Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Հայտնի է, թե որ գործի շրջանակներում են ցանկանում խուզարկություն իրականացնել Հրայր Թովմասյանի տանը

Խուզարկությունն իրականացվում է այն գործի շրջանակներում, որով Հրայր Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

Այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է, սակայն քննչական գործողությունը չի սկսվել, քանի որ վերջինիս ու պաշտպան Միհրան Պողոսյանին թույլ չեն տալիս ամբողջական ծավալով ծանոթանալ խուզարկության մասին դատարանի որոշմանը:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ խուզարկությունն այդպես էլ տեղի չունենա, Մակինյանը նշեց, որ պաշտպանական իրավունքն ամբողջ ծավալով պետք է իրացվի. «Մենք թե՛ գրավոր, թե՛ բանավոր միջնորդել ենք քննիչին հնարավորություն տալ ծանոթանալ որոշմանը, հնարավորություն տալ պատճեն ստանալ: Մենք իրավունք ունենք բողոքարկելու դատարանի որոշումը, սակայն ինչպես կարող ենք դա անել, եթե դրա պատճենը չունենք: 4-5 թերթ փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու: Սա ի՞նչ պրակտիկա է»:

Մակինյանը նշեց, որ ինքը ծանոթացել է որոշմանը, սակայն Պողոսյանին ու Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ, քննիչն ընթերցում է ու ասում՝ ծանոթացեք. «Մեզ հնարավորություն չի տրվում պատճեն ստանալ, ինչի իրավունքն ունենք»:

Մենք քննիչին հորդորում ենք հետևել օրենքի պահանջին, սակայն նրանք կատարում են իրենց հանձնարարությունը»։

Մակինյանի խոսքերով, հերթական անգամ խախտվում են Հրայր Թովմասյանի իրավունքները. «Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ինչը քրեական հետապնդման ուղղված գործողություններից մեկն է»:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից