Հասարակություն 

Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները

analitik.am

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը տեղեկացրել է ռուսական կողմին, որ երկրի օդային տարածքում իրավիճակը կայունացել է, և ռուսական ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում։

ԻՆչպես հայտնի է՝ ավելի վաղ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) խորհուրդ էր տվել տեղական ավիաընկերություններին՝ զերծ մնալ Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցի օդային տարածքում թռիչքներ իրականացնելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգության սպառնալիքները։ Արդյունքում դեպի Իրան ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտը», թռիչքները տեղափոխել էր առավոտյան ժամեր՝ ինքնաթիռների ավելի հստակ իդենտիֆիկացիան ապահովելու համար։

«Իրանի ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են, որ № PS-752 (Թեհրան –Կիև) թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման հիմնական պատճառների բացահայտումից հետո գնահատվել են թռիչքների համար առկա անվտանգության ռիսկերը և մշակվել է համապատասխան կարգավորող միջոցառումների ծրագիր։ Նաև տեղեկացրել են, որ այս պահին Իրանի օդային տարածքում և օդանավակայաններում թռիչքների անվտանգության վիճակը կարգավորվել է, ինչի շնորհիվ ավիափոխադրողները, այդ թվում՝ նաև ռուսական ավիաընկերությունները, կարող են վերականգնել թռիչքները նախկին ռեժիմում», — հայտնել է  Ռոսավիացիան։

Իրանը նաև նշել է, որ համագործակցության ապահովման նպատակով պատրաստ է ընդունել ռուսական կողմի առաջարկած ցանկացած միջոցառում՝ թռիչքների երթուղու, վերէլքի ու վայրէջքի ժամերի փոփոխություն և այլն։

Հիշեցնենք, որ Թեհրան–Կիև թռիչքն իրականացնող Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Բոինգ 737-800» ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից ընդամենը հաշված րոպեներ անց։ Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ խոցվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ավիատիեզերական ուժերի կողմից։ Օդանավի բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել էին։ Աղետից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել էին Իրանի և հարակից օդային տարածքներում թռիչքների ժամանակավոր դադարեցման կամ սահմանափակումների  մասին։

regionmonitor

Նույն շարքից