Գիտություն 

COP 17-ին ընդառաջ ուսուցիչներ համաժողով Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում

 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնում հաջողությամբ ավարտվեց «COP17-ին ընդառաջ. ուսուցիչների եռօրյա համաժողովը՝ նվիրված բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացմանը», որը կազմակերպվել էր NASA-ի GLOBE (Global Learning and Observations to Benefit the Environment) միջազգային ծրագրի գիտական մեթոդաբանության հիման վրա։

Էկոկենտրոնը հանդիսանում է NASA-ի GLOBE ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Համաժողովը միավորեց Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին՝ նպատակ ունենալով զարգացնել բնապահպանական կրթության ժամանակակից մոտեցումները, խթանել հետազոտահեն ուսուցումը և ձևավորել դպրոցներում գիտական մտածողության վրա հիմնված կրթական միջավայր։

Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ մեծ էր․ նախատեսված 35 մասնակցի փոխարեն գրանցվել էր 206 ուսուցիչ, ինչը վկայում է բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման նկատմամբ կրթական համայնքի աճող հետաքրքրվածության մասին։

Մասնակիցների ընտրությունն իրականացվել է նախապես սահմանված չափանիշներով՝ առաջնահերթություն տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի անդամներին, ինչպես նաև այն դպրոցներին, որոնցից միաժամանակ մասնակցության հայտ էին ներկայացրել բնագիտական առարկաների և անգլերեն լեզվի ուսուցիչները՝ հետագայում համատեղ միջառարկայական հետազոտական նախագծեր իրականացնելու նպատակով։

Հաշվի առնելով ներկայացված հայտերի մեծ թիվը և բազմաթիվ ուսուցիչների մասնակցելու ցանկությունը՝ կազմկոմիտեն որոշում է կայացրել համաժողովը կրկին կազմակերպել, որպեսզի հնարավորինս շատ մանկավարժներ հնարավորություն ստանան միանալու նախաձեռնությանը և իրենց դպրոցներում ներդնելու GLOBE ծրագրի մեթոդաբանությունը։

Եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան NASA-ի GLOBE ծրագրի միջազգային գիտական հետազոտական պրոտոկոլներին, ուսումնասիրեցին կենսաբազմազանության և շրջակա միջավայրի դիտարկման մեթոդները, իրականացրին դաշտային հետազոտություններ, սովորեցին գիտական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործիքները, ինչպես նաև մշակեցին դպրոցական հետազոտական նախագծերի գաղափարներ։

Գործնական աշխատանքների ընթացքում ուսուցիչները համոզվեցին, որ հետազոտահեն ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին դառնալ ոչ միայն գիտելիք ստացողներ, այլև իրական հետազոտողներ՝ ուսումնասիրելով իրենց շրջակա միջավայրը, ձևակերպելով գիտական հարցադրումներ, հավաքագրելով տվյալներ և ներկայացնելով հիմնավորված եզրակացություններ։

Սեպտեմբերի 10–25-ը մասնակից ուսուցիչները GLOBE-ի մեթոդաբանությամբ իրենց դպրոցներում կիրականացնեն հետազոտական նախագծեր՝ ակտիվորեն ներգրավելով աշակերտներին իրական գիտահետազոտական աշխատանքներում։ Նախագծերի արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի սկզբին նախատեսված ամփոփիչ միջոցառման ընթացքում, որտեղ լավագույն աշխատանքների հեղինակները կստանան NASA-ի GLOBE ծրագրի միջազգային հավաստագրեր, հատուկ անվանակարգեր և խրախուսական մրցանակներ, այդ թվում՝ WWF Armenia-ի կողմից տրամադրված կրթական ռեսուրսներ և խաղեր։

Համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի ուսուցիչները պատրաստ են առաջնորդելու դպրոցներում գիտահեն և հետազոտական կրթության զարգացումը՝ նպաստելով բնապահպանական պատասխանատվության, գիտական մտածողության և 21-րդ դարի հմտությունների ձևավորմանը։

Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը շարունակելու է ընդլայնել այս նախաձեռնությունը՝ ապահովելով, որ առավել մեծ թվով ուսուցիչներ և դպրոցներ ներգրավվեն NASA-ի GLOBE միջազգային ծրագրում և դառնան բնապահպանական կրթության ու կայուն զարգացման արժեքների տարածման ակտիվ մասնակիցներ։

COP17-ին ընդառաջ ձևավորվում է նոր կրթական շարժում, որտեղ դպրոցը դառնում է գիտական հետազոտության, բնապահպանական պատասխանատվության և նորարարական ուսուցման կենտրոն։

 

Նույն շարքից