Տնտեսություն 

Ռուսաստանը խաղում է Հայաստանի գազային նյարդերի հետ

analitik.am

«Սահմանին ռուսական գազի գնի թանկացումը քաղաքական հարց է, ոչ մի տեխնիկական գործառույթ չկա»,- Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց էներգետիկ փորձագետ էդուարդ Արզումանյանը: Ըստ նրա, 230 մլրդ խ/մ ռուսական գազ է արտահանվում Եվրոպա, Չինաստան, այլ երկրներ, իսկ Հայաստան՝ ընդամենը 2 մլրդ խ/մ, որը ՌԴ ընդհանուր արտահանվող գազի 0.8 տոկոսն է: Ամբողջ Եվրոպայում գազի սակագինը նվազել է, իսկ Հայաստանում գազը թանկանում է. Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքականություն:

«Դժվար թե այդ 0,8 տոկոսի թանկացումը օգնի Ռուսաստանին: Պարզապես երկու պետությունների հարաբերություններ ստիպում են, որ Ռուսաստանը իր ձեռքում գտնվող մահակներն օգտագործի և ասի՝ տեսեք հա, ես գազի գինը կթանկացնեմ»,-ասաց էներգետիկ փորձագետը:

Արզումանյանը նաև նշեց, որ 2018թ-ի հունիսից հոկտեմբեր ամիսներին վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ քննելու գազի, էլէներգիայի սակագները հավաստի են, թե՝ ոչ, և ինչ է պետք անել: Հոկտեմբերի վերջին վարչապետին են ներկայացրել արդյունքները:

«Հանձնաժողովի անդամներով որոշեցինք, որ էլէներգիայի սակագինը կարելի է նվազեցնել 10 դրամով, իսկ գազի սակագինը՝ 10 տոկոսով՝ երկրի ներսում: Վարչապետը եզրակացություններն ու առաջարկություններն ընդունեց, իսկ դեկտեմբերին ռուսական կողմը հայտարարեց, որ գազի գինը սահմանին ավելացնելու է 10 տոկոս՝ 150 դոլարից դարձնելով 160-դոլար: Մենք հայտարարում ենք, որ գազի գինը կարելի է 10 տոկոսով նվազեցնել, իսկ ռուսները սահմանին 10 տոկոսով այն թանկացրեցին»,- ասաց էներգետիկ փորձագետը:

Նա նաև նշեց, որ «Գազպրոմ Արմենիան» այնպիսի հնարավորություններ ունի, որոնք թույլ կտան, որ սպառողները չզգան սահմանին գազի թանկացումը:  Մեր զրուցակցի խոսքերով, համակարգում կան գազի չարդարացված կորուստները, «Գազպրոմ Արմենիայի» բարձրաստիճան աշխատակիցների չարդարացված աշխատավարձեր: «Գազպրոմ Արմենիան ներդրումների վրա չարդարացված բարձր գումարներ է ծախսում, որը ևս խնդիր է և այլն:

Փորձագետը գտնում է, որ 20մլն դրամ աշխատավարձերը արդարացված են Ռուսաստանում, սակայն ոչ միայն տնօրենը, նաև տեղակալներ և մյուս պաշտոնյաններն են Հայաստանի աշխատավարձերի համեմատ աստղաբաշխական գումարներ ստանում:

«Գազպրոմ Արմենիան» ցանկանում էր 600-1000 աշխատող կրճատել: Ձեր աշխատավարձերը կարգի բերեք, այնքան փող կխնայեք, որ աշխատող չեք կրճատի»,-առաջարկում է փորձագետը:

Բացի սակագինը, հարց է նաև գազի կալորիականությունը, որը ըստ նրա, պետք է ստուգվի, ինչն առանց վարչապետի սանկցիայի հնարավոր չէ:

«Հայաստանը սահմանին այն կալորիականությամբ գազ չի ստանում, ինչը նշված է պայմանագրում: Դրա համար ստուգումներ են պետք: 10 օրը մեկ էկոնոիմիկայի նախարարության չափագիտական կենտրոնը ներկայացնում է գազի կալորիականությունը: Ծիծաղելի է, այդպիսի կալորիականություն Հայաստան մտնող գազը չունի, դա սուտ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան:

Մասնագետը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիայում» ստուգումներից հետո պետք է քննարկումներ կազմակերպել՝ ընդգրկելով նաև հանրային հատվածին, որից հետո պարզ կլինի՝ գազի սակագինը սպառողների համար պետք է բարձրանա, թե՝ ոչ:

Ի դեպ, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ռուս-հայկան գազային պայմանագրի համաձայն, Հայաստանը իրավունք չունի երրորդ երկրից գազ ներկրելու: Այդ համատեքստում ռուսական կողմը գնել է Հրազդան 5-րդ բլոկը, որը չպետք է աներ:

«Գազպրոմ Արմենիայում» պետք է համակարգային ստուգումներ իրականացնել, լուծումներ գտնել»,- շեշտեց Է. Արզումնայանը և հավելեց, որ գազի սակագինը հավաստի չէ, մասնագետներին չեն լսում, քանի որ փոխվարչապետը ոչինչ չի հասկանում ոլորտից, այլ լսում են «Գազպրոմ-Արմենիայի» տնօրենին և նրա ասածները հալած յուղի տեղ են ընդունում:

«Պետք է կառավարությունը հնարավորություն տա «Գազպրոմ-Արմենիայում» ստուգումներ իրականացնել, քննարկել գազի սակագնի հարցը հանրության հետ և կառավարությունում»,- շեշտեց Էդուարդ Արզումանյանըը:

Նույն շարքից