Տեսանյութեր Քաղաքականություն 

Չեմ ասել չէ՞, դեկտեմբերին մենք շփվել ենք Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Փետրվարին Մյունխենում տեղի է ունենալու անվտանգության հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մեկնելու է Գերմանիա, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպում լինելու է, ասաց, որ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, սակայն այն բացառել չի կարելի, քանի որ հարցը քննարկումների փուլում է. «Չեմ ասել չէ՞, որ դեկտեմբերի 20-ին Պետերբուրգում, ԱՊՀ հավաքի ժամանակ մենք շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում: Եթե լինի խոսելու, քննարկելու առիթ, դա վնասակար չէ, օգտակար է»:

Ինչ վերաբերում է բանակցություններին, Փաշինյանն ասաց, որ բոլորը գիտեն, թե ինքը փակ սենյակում ինչի մասին է խոսում. «Դա նկարագրված է 2019 թվականի մարտի 12-ի Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի և Հայաստանի ԱԽ-ների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի բանակցային գործընթացում մեր շրջանակները: Այդ շրջանակների մասին ենք խոսում:

Այս պահին քննարկման համար թուղթ սեղանին չկա: Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական փուլին մոտենալու համար, ինչի համար այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք, ինչը չի եղել մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Ամենակարևոր պատճառն այն է, որ ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն իմ հայտարարությանը, որ հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի: Սա կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է:

Մենք գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորել այն հայեցակարգի ու սկզբունքի շրջանակներում, ինչը ես ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում: Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, որքան էլ որ դա բարդ լինի»:

Փաշինյանի խոսքերով, տարածաշրջանում խաղաղության, կայունության, ապագայի պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի, Արցախի նախագահները և Հայաստանի վարչապետը. «Սա անձնավորված և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է: Այս պատասխանատվությունը կրելը, պատվով դուրս գալը շատ բարդ գործ է, սակայն ո՞վ է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լինի»:

Նույն շարքից