Բարի օր Հասարակություն 

Աստված ձեզ պահապան, տղե՛րք. Հրայր Թովմասյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս խորհրդանշական օրը ոչ միայն լավ առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու և շնորհավորելու մեր բոլոր զինծառայողներին՝ զինվորներին, սպաներին և գեներալներին, այլև վերհիշելու Արցախյան գոյամարտի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր երկրի անկախության և ազատության համար պայքարի ողջ փառահեղ տարեգրությունը, որի ամեն մի դրվագը հպարտության և հերոսության յուրօրինակ դրսևորում է։

Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է, որի ամեն մի նոր հաջողության մեջ ամփոփված են մեր համազգային իղձերը, ժողովրդավար և օրենքի գերակայության երկիր ունենալու ձգտումները:

Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով։ Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած մեր ժողովրդի քաջարի զավակներին։

Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ: Ուժ և խաղաղ ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինծառայողներին։

Աստված ձեզ պահապան, տղե՛րք:

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից