Հասարակություն Տեսանյութեր 

Կարելի է ասել, որ սա առևանգում է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

analitik.am

 

 

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ դիմակավորված անձինք բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Նա այս պահին գտնվում է Ոստիկանության 6-րդ վարչությունում:

Այստեղ է նաև Արսեն Բաբայանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհայտ պատճառներով դիմակավորված անձինք, կոպիտ վարվելով, բերման են ենթարկում կամ կարելի է ասել՝ առևանգում են. «Ընդհանրապես դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում կամ հանցագործության պահին, կամ դրանից անմիջապես հետո: Ես վստահ եմ, որ ասելու են, որ այդ պահին հանցագործություն տեղի չի ունեցել: Սա քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, քաղաքական ռեպրեսիաների մի ձև է:

Եթե դուք քննադատում եք, կպառկեցնեն ասֆալտին, դիմակավորված անձինք ձեռնաշղթաներով բերման կենթարկեն: Չեք էլ կարողանա իմանալ, թե ինչու են ձեզ բերման ենթարկում»:

Բաբայանի խոսքերով, Մալյանը մինչ այս իր հարցաքննությունների մասին տեղեկացրել է, իսկ այս գործի մասին ինքը տեղեկություններ չունի. «Ես խոսել եմ ՄԻՊ-ի հետ, տեղեկացրել եմ դեպքի մասին: ՄԻՊ արագ արձագանքման խումբն արդեն զբաղվում է հարցով»:

Բաբայանին որևէ հանցագործության դեպք հայտնի չէ․ «Ես, ճանաչելով պարոն Մալյանին, վստահ եմ, որ նա չէր կարող թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող էր այսպիսի հետևանքի բերել: Սա ձեռագիր է: Անձանց բերման են ենթարկում քաղաքացիական ավտոմեքենաներով, համարանիշերը հանած: Սա ապացուցում է քաղաքական ընդդիմախոսություն չհանդուրժելը»:

Մալյանին բերման են ենթարկել փողոցից: Արսեն Բաբայանը չգիտի, թե կոնկրետ որտեղից:

Բաբայանը վստահ է, որ շատ փաստաբաններ կարձագանքեն ու կստանձնեն Մալյանի պաշտպանությունը:

 

 

Նույն շարքից