Հասարակություն Տեսանյութեր 

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է, միջազգային կառույցները, հանրությունը պետք է իրենց գնահատականը տան. Միհրան Հակոբյան

analitik.am

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Փարպեցի փողոցից, որտեղ գտնվում է «ՎԵՏՕ»-ի գրասենյակը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միհրան Հակոբյանը՝ խոսելով շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին:

«Գրասենյակ ժամանելիս՝ դիմակավորված անձինք առևանգել են նրան: Երբ տեսանյութը հայտնվեց ինձ մոտ, ես որոշեցի հրապարակել այն, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում: Սա նոր ռեպրեսիաների ալիք է: Նարեկ Մալյանը երբեք չի հրաժարվել ներկայանալ ոստիկանություն և քննչական մարմիններ: Այս մասկի շոուի մասին հանրությունը պետք է տեղյակ լինի ու գնահատականը տա»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով, բոլորը պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում, որտեղ կարելի է մարդուն առանց հրավիրելու, խնդիրների հետ կապված տեղյակ պահելու, ուղղակի բերման ենթարկել՝ որպես ծայրաստիճան վտանգավոր հանցագործի՝ դա անելով ասֆալտին տալով ու ձեռնաշղթաներով. «Օրեր առաջ մենք տեսանք, որ զինված մարդը շենք է գրավում, պատանդառություն է անում, դրանից հետո նրան թանկարժեք մեքենայով տանում են ոստիկանության բաժանմունք: Սա ուղղակի խայտառակություն է, որի գնահատականը պետք է հանրությունն ու միջազգային կառույցները տան: Աշխարհում պետք է տեսնեն, թե ինչ դիմակ ու դեմք ունի Հայաստանում հաստատված ռեժիմը»:

Հակոբյանը բացարձակ տեղեկություն չունի, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին. «Հիմա մենք հավաքվել ենք այստեղ հասկանալու համար, թե ինչու են նրան բերման ենթարկել ու ինչու են բերման ենթարկել որպես ծայրաստիճան վտանգավոր մարդու»:

Միհրան Հակոբյանը միանշանակ քաղաքական ենթատեքստ է տեսնում տեղի ունեցածի մեջ. «Սա պետք է ֆիքսել, այդ գնահատականը պետք է տալ: Այսօր Հայաստանում հենց քաղաքական ենթատեքստերով են տեղի ունենում նման ձերբակալությունները, բերման ենթարկելը:

Հանցագործները, ովքեր մարդ են առևանգել, քրեական գործով են անցնում, այսօր ազատ են ման գալիս, իսկ մարդը, ում հետ կապված որևիցե խնդիր չի եղել, նման բռնի, խայտառակ կերպով բերման է ենթարկվում: Սա հենց Նարեկ Մալյանի անձի դեմ չէ, սա բոլոր այլախոսների դեմ է, ովքեր այսօր ընդդիմադիր խոսք են ասում, ովքեր խոսում են իրականության մասին, որտեղ մեզ գլորել է Հայաստանի ներկայիս ռեժիմը»:

 

Նույն շարքից