Հասարակություն Տեսանյութեր 

Իմ հռետորաբանությունն ավելի է կոշտանալու, մեզ չեն կարող լռեցնել. Նարեկ Մալյան

analitik.am

 

 

Իշխանությունը վերջին ջանքերն է գործադրում իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար, սակայն դա անօգուտ է, այս մեթոդներով հաստատ որևէ բանի չեն հասնի, ընդհակառակը՝ շատ ավելի կկոշտանա իմ հռետորաբանությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ում զենք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն:

Անձնական խուզարկության արդյունքում Մալյանի մոտ ապօրինի իր չի հայտնաբերվել, դրա համար նրան ազատ են արձակել:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ իր մոտ «ճտիկով գրիչ» են փնտրել, Մալյանն ասաց, որ գրիչ չունի:

«Հիշեցնեմ, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող սորոսական խուլիգանախումբն առայսօր ազատության մեջ է ու անպատիժ, մեկ օր անգամ չի եղել բանտում, իսկ նորմալ քաղաքացիների նկատմամբ իրականացվում են այսպիսի մեթոդներ, քանի որ նրանք արտահայտում են իրենց կարծիքը: Սա խոսում է այն մասին, որ ֆեյսբուքյան հարձակումները կորցրել են իրենց ակտուալությունը, ամեն ինչ տեղափոխվել է իրական կյանք, փողոց, ընտրվում է լռեցնելու այս մեթոդը»,-ասաց նա:

Մալյանը չգիտի, թե ինչ հետքեր են իր դեմքին.  «Ամեն դեպքում բերման ենթարկելը՝ առավել ևս զենքի կասկածանքով, նաև ուժի կիրառում է ենթադրում: Չեմ կարող ասել, թե որքանով է այն իրավաչափ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բերման էին ենթարկում, դա անում էին քմծիծաղով, գիտեին, որ ասվել է, դրա համար բերման են ենթարկում»:

 

 

Նույն շարքից