Հասարակություն Տեսանյութեր 

Հրայր Թովմասյանը պարզաբանել է, թե ինչու է գրիչը տվել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Չի կարող գրիչը դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց։ Ես հորդորում եմ բոլոր մարդկանց, նաև՝ պետական այրերին, ձեռնպահ մնալ այդ հարցի շուրջ քննարկումներից, որովհետև առաջին հերթին արժեզրկվում են այդ ինստիտուտները։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցադրած գրիչի մասին:

Թովմասյանը նշել է, որ ամեն ինչ եղել է տեսախցիկների առջև․ «Եթե կողքդ նստած է գործընկեր, ում գրիչը չի գրում, կամ կորում է և այլն, և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, դա պետք է դիտարկել որպես քծնանք, ուրեմն համարեք, որ ես այս երկրի, աշխարհի վերջին քծնողն եմ։ Եթե դա կհամարեք քաղաքավարական ժեստ, ես ընդունեմ դա և շարունակեմ, բայց խնդրում եմ այդ դիսկուրսը փակեք։

Մեր երկրի առջև ծառացած խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները, մեզ սպասող խնդիրները սրանք շատ ավելի բարդ են, քան այն, որ երկրի ողջ քաղաքական, հասարակական շերտը նստի և քննարկի, թե ինչ եղավ, երբ մի գրիչը ՍԴ նախագահը փոխանցեց վարչապետին։

Ես խնդրում եմ, հորդորում եմ այսուհետ փակել այդ թեման և չշարունակել»։

Գրիչի գնի մասին խոսելիս՝ Թովմասյանը նշել է, որ ամաչում է ուղղակի դրա մասին խոսել․ «Ես նույնիսկ պրոտոկոլով այդ օրը չգիտեմ, թե ոնց եմ հայտնվել վարչապետի կողքին, որովհետև ես նաև համահայկական հիմնադրամի փոխնախագահն եմ»։

«Ես այդ գրիչի մասին նույնիսկ չէի հիշում, որ երբևէ ինչ-որ գրիչ եմ նվիրել։ Հիշում եմ մի դեպք, երբ ԱԺ-ում նախարար էի, պատգամավորներից մեկն ասաց փողկապս լավն է, հանեցի իրեն նվիրեցի։ Հիշում եմ, որ աշխատասենյակումս մի շախմատ կար, ընկերներիցս մեկն ասաց՝ լավ շախմատ է, նվիրեցի իրեն։ Այսինքն, սրանք սովորական քաղաքավարության կանոններ են, դիմացինին ինչ-որ մի պահ հաճելի մի բան անելը։ Սիրում եմ նվերներ տալ, չեմ ժխտի սիրում եմ նաև նվերներ ստանալ։ Դա հաճելի պրոցես է»։

Նույն շարքից