Հասարակություն Տեսանյութեր 

Խորհուրդ չեմ տա այդ բառերի հետ խաղալ. ԲՀԿ-ական պատգամավորները՝ երեկվա իրադարձությունների մասին

analitik.am

Ինձ համար տեղի ունեցածը տարօրինակ էր: Տարօրինակ էր նաև Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամի (Գրիգոր Երիցյան) հայտարարությունը, որ դա տեղի է ունենում հանրային պահանջով: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով երեկվա իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ նախ բերման ենթարկվեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, հետո՝ Ադեկվադի անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը, իսկ արդեն երեկոյան՝ Նարեկ Սամսոնյանը:

«Անկեղծ եմ ասում, որ «հանրային պահանջ» ձևակերպման տակ հնարավոր է իրականացնել ցանկացած անարխիա: Արդյո՞ք սա է նոր Հայաստանը ու մենք սրան էինք ձգտում: Կարծում եմ, որ գործողությունները պետք է լինեն բացառապես իրավական հարթության մեջ, անկախ նրանից, թե ում հանդեպ են իրականացվում: Այս դեպքում կարծում եմ, որ ոստիկանության ամբողջական անդրադարձի անհրաժեշտություն կա»,-ասաց Տոնոյանը:

Արման Աբովյանն իր հերթին ասաց, որ ենթադրություններ անել չի ցանկանում. «Դեռ մեկ օր է անցել, խորքային եզրակացություններ անելու համար դեռ վաղ է: Սակայն պետք է ընդգծել, որ ՀՀ քաղաքացու հանդեպ իրականացվող գործողությունները պետք է հիմնավորված լինեն: Հանրության մոտ բավականին լուրջ հարցադրումներ կան, թե ինչու մեկ օրվա մեջ այդքան մարդ բերման ենթարկվեց: Եթե իրավախախտումներ եղել են, ինչու ամեն ինչ եղավ հենց երեկ ու մեկ օրվա մեջ»:

Ինչ վերաբերում է «հանրային պահանջ» ձևակերպմանը, Աբովյանը նշեց, որ որևէ մեկին խորհուրդ չի տա այդ բառերի հետ խաղալ, քանի որ այդ բառերն ունեն հետաքրքիր ունակություն՝ վերադառնում են ու հարվածում են հենց այդ թեզն առաջ տանողին. «Սա իրավական հարց է, մենք պարտավոր ենք պաշտպանել օրենքի տարրը: Որ վայրկյանից գայթակղությանը տրվեցինք, ուրեմն՝ վերջ: Բոլորիս բարեկեցիկ ապրելու երաշխիքն այն է, որ բոլոր գործողությունները լինեն բացառապես օրենքի դաշտում»:

 

Նույն շարքից