Հասարակություն 

Իշխանությունները ոտքուձեռք են ընկել․ Երևանի պետական համալսարանի ռեկտոր են «թխում»

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով իշխանությունները ոտքուձեռք են ընկել՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր են «թխում». փետրվար-մարտին նշանակվելու են ռեկտորի ընտրությունները:

Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր կարող է դառնալ միայն դոկտորի կոչում ունեցող գիտնականը, և քանի որ փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, «որոշվել» է Հովհաննես Հովհաննիսյանին շտապ կարգով դոկտոր կարգել: Նա ժամանակին Կրթության նախարարի տեղակալն էր և, ըստ շրջանառվող լուրերի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածուն:

Ի դեպ, 2-3 տարի է խոսվում էր, որ Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր են կարգում և ահա, ընտրություններից առաջ, շտապ կարգով նա պետք է պաշտպանի դոկտորական թեզը, սեղմագրերն արդեն պատրաստ են, թեման աստվածաբանական է:

Շատերը սպասում էին, որ ռեկտոր կնշանակվի ներկայումս ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, սակայն իշխանությունները նրանից դժգոհ են և այլևս իշխանական թևը «Գեղամ Գևորգյանին չի ուզում»: Բացի այդ, նա չի վայելում համալսարանում ուսանողների և դասախոսների զգալի հատվածի վստահությունը:

Այնպես, որ ժամանակավոր պաշտոնակատարի և դեռևս պրոռեկտոր եղած շրջանում ուսանողների առջև «դռները փակելը», ուսխորհրդի նախագահին ոստիկանության «ձեռքը» հանձնելն էականորեն ազդել է նրա անձի՝ ռեկտոր դառնալու հեռանկարի վրա:

Ներկայումս, ի թիվս Հովհաննիսյանի, շրջանառվում է նաև համալսարանի ինֆորմացիայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանի և արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի անունները. երկուսն էլ դոկտորի կոչում ունեն:

Այստեղ Արայիկ Հարությունյանը, եթե ոչ ընկերների, ապա իր մասնագետ ընկերների միջև բարդ ընտրության առջև է, նա ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը  և նախարարությունում արդեն աշխատում են արաբագետներ: Ռուբեն Մելքոնյանի և Հովհաննես Հովհաննիսյանի պարագայում բարդ ընտրություն է. երկուսն էլ ընկերոջ կարգավիճակում են:

Ինչ վերաբերում է նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին, ապա այժմ նա Հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է և չի բացառվում, որ առաջիկա ուսումնական տարվա սկզբին որոշակի թեմաներ և ֆինանսավորում կրճատվի: Այսպես իշխանությունը «քաղաքակիրթ ձևով կազատվի» ժամանակին Նիկոլ Փաշինյանի համալսարանից հեռացումը ստորագրած անձնավորությունից:

Նշենք, որ ռեկտորին ընտրում է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից