Տեսանյութեր Քաղաքականություն 

Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե Սերժ Սարգսյանը բանակցել է հողերը հանձնելու վերաբերյալ

analitik.am

Ինձ համար Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առեղծվածային, մութ, չբացահայտված դրվագներ չկան: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այսօր ներկայացել ու պատասխանել է ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին:

«Հանձնաժողովն իր աշխատանքներում որոշ չափով ավելի խորանալով, լրացրել է այն ամենը, ինչը եղել է այն ժամանակ: Ապրիլյան պատերազմը եղել է 2016 թվականին, այսօր արդեն 2020 թվականն է: Ես ամենօրյա ռեժիմով դրանով չեմ զբաղվել: Որոշ բաներ նրանք հիշեցրեցին, քննարկման ընթացքում որոշ բաներ փոխլրացրեցինք: Այս ամենը կհանգեցնի հանձնաժողովի ավելի արդյունավետ աշխատանքին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, ու հարցին՝ արդյո՞ք իրեն հայտնի է եղել նման փաստաթուղթ, կամ քննարկում, Օհանյանը նշեց, որ նախկինում էլ արտահայտվել է. «Եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք: Այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Իսկ եթե խոսքը վերաբերում է փաստաթղթերին, ապա դրանք միայն եղել են բանակցելու համար: Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե որևէ քննարկում չի եղել»:

Օհանյանը խոսեց նաև Վարդենիսում Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա միջոցառմանը մասնակցելու մասին՝ հայտարարելով, որ Պաշտպանության նախարարն է հրավիրել, ինքն էլ գնացել է. «Իմ հարազատ բանակի տոնակատարությունն էր, ինչպես չեմ կարող մասնակցել, ամեն տարի եմ մասնակցել»:

Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ, Օհանյանը հարցրեց՝ իշխանություններն ովքե՞ր են. «Նրանք հայեր են, ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություններ չունենալ: Իսկ համագործակցությունն այս հանձնաժողովի շրջանակներում է»:

Նույն շարքից