Իրավական 

Արծրուն Հովհաննիսյանին դատի են տվել

analitik.am

2019թ-ի հոկտեմբերի 20-ին զինծառայող Էրիկ Գասպարյանը ինքնակամ լքել էր Կապանի զորամասը, ավելի ուշ նրան գտել էին Երևանում և նոյեմբերի 12-ին վերադարձրել նույն զորամաս:  Զինծառայողը փաստաբան ունի, ով հաղորդում է ներկայացրել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի դեմ:

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՌՈ աշխատակիցները օպերատիվ մեծ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»:

Զինծառայող Էրիկ Գասպարյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը Analitik.am-ին ասաց, որ Արծրուն Հովհաննիսյանի գրառման և ռազմական ոստիկանության պետի գործողությունների արդյունքում էրիկ Գասպարյանի հետագա զինվորական ծառայությունը դարձել է անհնար:

«Հայտարարությունների արդունքում այնպիսի կարծիք է ձևավորվել, որ Է. Գասպարյանն ունի սեռական այլ կողմնորոշում: Ռազմական ոստիկանության պետի հրահանգով բերման ենթարկելու օրը նրան նվաստացրել են, ֆիզիկական ցավ են պատճառել, իր իրավունքները խախտվել են Կապանի զորամասում: Այդ մասով ևս հաղորդում եմ ներկայացե»,- ասաց Հ. Սարգսյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Կապանի զորամաս տեղափոխելու օրը Էրիկ Գասպարյանին մեկ օր պահել են, սնունդ չեն տվել, զրկել են քնի իրավունքից և միայն փաստաբանի ահազանգի հիման վրա են ՄԻՊ-ից ներկայացուցիչները գնացել զորամաս:

Փաստաբանը գտնում է, որ Գասպարյանին 30 օրով ռազմական զորամաս տեղափոխելը անհիմն էր, քանի որ քրեական գործ կար հարուցված և նախաքննություն էր ընթանում:

Բացի Արթուր Բաղդասարյանի և Արծրուն Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում տալը, նաև Կապանի զորամասի երկու գնդապետների նկատմամբ է հաղորդում տրվել և ուղարկվել դատախազություն, որտեղից հաղորդումն ուղարկվել է զինվորական դատախազություն:

«Այս պահին Էրիկ Գասպարյանը գտվում է Երևանի ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնում: Այստեղ է գտնվում, քանի որ այլ զորամասում որևէ հնարավորություն չկա ծառայությունը շարունակելու համար: Իմ միջնորդությամբ է տեղափոխվել Երևան»,- ասաց փաստաբանը:

Նա նաև հաղորդեց, որ Էրիկ Գասպարյանն ունեցել է ֆինանսական խնդիրներ, պարտք է ունեցել և չի կարողացել վերադարձնել: Որշակի պարագաների կարիք է ունեցել, որի պատճառով հայտնվել է նման իրավիճակում: Այդ օրը, երբ լքել էր զորամասը, պարտքը վերադարձնելու վերջին օրն է եղել, նա մտադիր է եղել գումար գտնել և վերադառնալ զորամաս:

Բացի այս, ըստ Հ. Սարգսյանի, Է. Գասպարյանի հայրը դեպքից 10 ամիս առաջ ՌԴ-ում այրվել է մեքենայի մեջ, որը չի ազդել տղային բանակ զորակոչելու վրա, իսկ նա մոր հետ բնակվում է Վանաձորի տնակներից մեկում, օգնող չունի:

«Նա ընդամենը ֆինանսական խնդիրների պատճառով է դուրս եկել զորամասից, փախչելու մտադրություն չի ունեցել»,- նշեց Հայարփի Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը՝ որպես փաստաբան, չի վարձատրվում Էրիկ Գասպարյանի գործի շրջանակներում:

Արծրուն Հովհաննիսյանն իր մասին հաղորդում տալու վերաբերյալ Analitik.am-ին ասաց. «Տեղյակ չեմ, որ գործ է հարուցվել: Ասեմ, որ տարեկան մի երեք հատ գործ է հարուցվում ինձ վրա»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից