Հայաստան Քաղաքականություն 

Ցավում եմ, որ մենք կորցրեցինք լավ ընդդիմադիր գործիչ և ունեցանք չկայացած վարչապետ․ Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մասին որպես ղեկավար պատկերացում կազմելու համար թերևս բավական է այս մանրուքը։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի կայացրած առաջին որոշումը կարգապահական տույժ կիրառելուն է վերաբերում։ Սա մանրուք է, սակայն, իմ կարծիքով, կարևոր։

Մարդը սկսվող տարվա աշխատանքային առաջին օրը կայացնում է 4 որոշում, որից առաջինով պատժում է, երկրորդով՝ հետ կանչում արձակուրդից, երրորդով՝ ազատում աշխատանքից։ 4 որոշումից 3-ը կրում են պատժիչ բնույթ։

Վերջին շրջանում կատարվող իրադարձությունների համեմատությամբ սա մանրուք է, սակայն հենց այս վարքաբանական դետալն էլ բացատրում է Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական շատ քայլեր։ Նիկոլ Փաշինյանի համար առաջին տեղում են պատժիչ գործողություններն՝ անկախ դրանց կարևորությունից և նպատակահարմարությունից։ Սա դրսևորվում է ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, այլ իր առօրյա գործողություններում, մարդը տեսակով այդպիսին է՝ սիրում է ոչ թե ստեղծել, բարեփոխել, զարգացնել, այլ պատժել, քանդել, խճճել։

Նման խառնվածք ունեցող մարդիկ ոչ մի պարագայում չեն կարող լինել լավ ղեկավարներ։ Կարող են լինել հայտնի ընդդիմադիր գործիչներ, բայց ոչ մի դեպքում պետական այրեր։

Ցավում եմ, որ մենք կորցրեցինք լավ ընդդիմադիր գործիչ և ունեցանք չկայացած վարչապետ, ով իշխանության ընձեռած լայն հնարավորություններից օգտագործում է միայն պատժելու մենաշնորհը։

Հ․Գ․ Ի դեպ, որպես կանոն, նման խառնվածք ունեցող մարդիկ ղեկավարի պաշտոնում հայտնվելիս լավագույն դեպքում դառնում են դիկտատորներ, վատագույն դեպքում՝ խամաճիկներ, ում ստվերային ազդեցիկ ուժերը ներում են պատժելու գործառույթն ըստ իր ցանկության կիրառելու թուլությունը՝ փոխարենը ստիպում անել այն, ինչ իրենց է պետք»:

 

Նույն շարքից