Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսի և ընդհանրապես Չինաստանի շուրջ խուճապն ավելի շատ է, քան Չինաստանում. Կունշան քաղաքում ապրող ՀՀ քաղաքացի

analitik.am

Մեր քաղաքում կորոնավիրուսի մի քանի դեպք է գրանցվել, սակայն այժմ քաղաքում իրավիճակը կայուն է։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Չինաստանի Կունշան քաղաքում անգլերենի ուսուցչուհի աշխատող Ա.-ն:

Նա նշեց, որ Չինաստանի այն քաղաքացիները, ովքեր եղել են Հուբեյ նահանգում, հետ են եկել, այժմ տներից դուրս չեն գալիս: Բժիշկները նրանց այցելում են, անգամ խանութ չեն գնում, աղբը դուրս չեն հանում, մթերքը նրանց համար բերվում է. կան մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են:

«Կունշանում վիճակը գնալով կարգավորվում է, թեև մարդիկ դեռևս տանն են և քիչ են դուրս գալիս, որ հիվանդությունը չտարածվի, սակայն ամեն ինչ դեպի լավն է գնում»,-ասաց նա:

Ա.-ն նաև ասաց, թե մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էին, որ փետրվարի 15-17-ը կվերադառնան աշխատանքի, սակայն մինչև հիմա այլ տեղեկություններ չունեն։ Նա չբացառեց, որ իրավիճակը կփոխվի մինչ այդ և արձակուրդները կերկարացնեն:

«Ես լսել եմ, որ Չինաստանում ապրող-աշխատող հայերի մի մասն ուզում են, որ իրենց տարհանեն այստեղից, ես նրանց չեմ հասկանում: Պարզապես խուճապային տրամադրություն է, չի բացառվում, որ նաև գումար չունեն, սակայն փետրվարի 15-ին աշխատավարձ են ստանալու։ Չեմ հասկանում, թե ինչն է խնդիրը, եթե աշխատում են»,-ասաց նա և հավելեց, որ տարհանում են հիմնականում այն քաղաքաներից, որտեղ կարանտին է հայտարարված:

Ա.-ն գտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի և ընդհանրապես Չինաստանի շուրջ խուճապն ավելի շատ է, քան Չինաստանում:

«Այստեղ մարդիկ դուրս են գալիս դիմակներով, առևտրի կետեր կան, որ աշխատում են, կան խանութներ, որ շուտ են փակվում, բայց աշխատում են: Խանութներում մթերք կա, մթերքի խնդիր ևս չկա, այստեղ ամեն ինչ կարգավորվում է: Մնում է  միայն կորոնավիրուսի դեմ պայքարելու միջոցը գտնեն, որ մարդիկ ավելի շուտ ապաքինվեն ու այս հիվանդությունն այլևս չտարածվի»,-ասաց Ա.-ն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից