Կորոնավիրուս Հասարակություն 

Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաստատում է

analitik.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել ի պատասխան հարցումների.

«Այո, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։

Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։

Սրանք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 եւ բարձր ջերմություն, անձնակազմի եւ ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում եւ հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից եւ ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»,-ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից