Հասարակություն Մշակույթ 

Կոնստանտին Օրբելյանը վերականգնվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում

analitik.am

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին նա հայտնեց այսօր` փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչև օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել  օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»,- նշեց նա` հավելելով. «Ցավոք,  այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղևորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, և երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղևորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է»:

Թե ինչ մոտեցում ունի նախարարությունն իր վերադարձի վերաբերյալ, Օրբելյանը նշեց՝ կիմանա վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ թատրոնի անձնակազմին արդեն հասցրել է հայտնել լուրը: «Դե, ինչպես բոլոր կոլեկտիվներում, ոմանք ուրախությամբ ընդունեցին լուրը, ոմանք` ոչ այնքան: Դա բնական է...»,-նշեց Օրբելյանը:

News.am

Նույն շարքից