Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը ստախոս է, խաբում է ժողովրդին. Էդմոն Մարուքյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց իշխանության հետ լարված հարաբերությունների ու վիրավորանքների մասին: Նա արձագանքեց նաև Թևան Պողոսյանի առաջարկին, ով պատրաստակամություն է հայտնել կողմերին ընդունել իր տանը և նորից մերձեցնելու, եթե նրանք պետական շահը վեր դասեն անձնական շահից:

«Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել: Այդ երեկոյից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում: Մարդիկ ուղղակի սխալ են հիշում պատմությունը»,-ասաց նա:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենց դեմ սանձազերծվել է բոլոր կարմիր գծերը հատած հակաքարոզչություն. «Դա արվում է մի բանի համար, որ մենք համաձայն չենք: Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց մեղադրում է ամեն ինչի մեջ: Մեր մեջ այլ բան չի եղել, ուղղակի մի հատ հարց կա, որին մենք տարբեր ձև ենք նայում: Սա է նրանց որակը, իհարկե՝ ոչ բոլորի: Իրենք իրենց կենսագրությունը, անցած ճանապարհն են կասկածի տակ դնում: Ինչ վերաբերում է մեզ, մենք 50 գրածին 5 անգամ ենք պատասխանում»:

Մարուքյանը նշեց, որ այսօր Սիրո տոնի կապակցությամբ կարող են մարաթորիում հայտարարել ու բոլոր վիրավորանքներին ու մեղադրանքներին չպատասխանել:

ԼՀԿ ղեկավարը խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, թե փորձ է արվում խլել հեղափոխությունը: Մարուքյանը հայտարարեց, որ սուտ են ասում. «Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից: Իշխանությունը պատմական մեծամասնություն է ձևավորել ընտրությունների արդյունքում: Ով կասի, որ խլում են հեղափոխությունը, նա ստախոս է, ստում է, խաբում է ժողովրդին: Հեղափոխությունը տեղի է ունեցել, բացված պատուհանը պետք է օգտագործել լավ բաներ անելու համար, ոչ թե մարդկանց տեռորի ենթարկելու: Սա հո մանուշակ-մանկապարտեզը չէ»:

Նույն շարքից