Քաղաքականություն 

Հայաստանը համաձայնե՞լ է, որ Կասպրչիկը հանդիպի Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ. մեկնաբանում է քաղաքագետը

analitik.am

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն Ադրբեջանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ և շնորհավորել նրան Ադրբեջանի խորհրդարան անցնելու առթիվ: Այս թեմայի վերաբերյալ դՀՀ ԱԳՆ-ն դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածել։

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ հավանաբար փոփոխություններ է եղել Արցախի հիմնախնդրի ռազմավարության հարցում, որովհետև Արցախի ադրբեջանական համայնքը, որը որպես այդպիսին կար, սկսել է լեգիտիմացվել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

Քաղաքագետը հիշեցրեց, որ մինչ Կասպրչիկի հետ հանդիպումը, ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ հանդիպել են Մինսկի խմբի համանախագահ դեսպանները․ «Ադրբեջանական համայնքի ակնհայտ լեգիտիմացման պրոցեսը չէր սկսվի, եթե հայկական կողմն իր համաձայնությունը չտար, որովհետև, երբ Հայաստանը հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, Ռուսաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին հայտարարեց՝ եթե կողմերը համաձայն են, ապա դա կարող է տեղի ունենալ: Այնպես որ, առանց կողմերից մեկի համաձայնության՝ ադրբեջանական համայնքի լեգիտիմացման այդ պրոցեսը չէր սկսվի»,-ասաց Սարգսյանը:

Քաղաքագետն այս իրավիճակը դիտարկում է Հայաստանի իշխանությունների՝ Արցախը բանակցությունների կողմ դառնալու խոստման համատեքստում․ «Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ և դրա համար ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են: Եվ չի բացառվում՝ Ադրբեջանը ցանկանում է, որ այս համայնքը ևս դառնա բանակցությունների կողմ և Արցախի հետ միասին հավասար մասնակցի բանակցություններին»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք Հայաստանին ձեռնտու է, որ Արցախի կողմ դառնալուն զուգահեռ, Արցախի ադրբեջանական համայնքի ներակայացուցիչ կոչվածը ևս մասնակցի բանակցություններին, Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած պարագայում Արցախի նախագահի և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի համայնքի ղեկավարի միջև հավասարություն դնելը որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից․ «Անկախ նրանից, եթե հավասարության նշան է դրվելու՝ սա կարծում եմ չափազանց վտանգավոր և բացասական երևույթ է Հայաստանի համար»,-շեշտեց նա:

Դիտարկմանը, արդյոք այս թեմայի շուրջ են գաղտնի բանակցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ասաց, որ չի բացառում, թեև ՀՀ իշխանությունները խուսափում են բանակցություններ եզրույթից, սակայն քննարկումներ գնում են․ «Եթե, ըստ ԶԼՄ-ների, քննարկվել է այն թեզը, որ Արցախում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակություն պետք է լինի՝ չեմ բացառում, որ այս հարցն էլ է քննարկվել»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով են Հայաստանի և Ադրբեջանի գաղտնի քննարկումներն արդար երկրի և ժողովրդի հանդեպ, Սարգսյանն ասաց, որ այդ գաղտնի քննարկումներին ժողովուրդն իր գնահատականը կտա այն ժամանակ, երբ ակնհայտ դառնա, թե ինչ են քննարկել․ «Քննարկումների գաղտնի պահելը, բնականաբար, արդար չէ»,- շեշտեց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից