Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ սա առաջին հերթին վնաս է հենց իրեն. Անի Հովհաննիսյան

analitik.am

Ես այստեղ եմ աջակցելու Նարեկ Սամսոնյանին ու իմ դժգոհությունը հայտնելու այս իրավիճակին: ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը՝ դատապարտելով լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ և առհասարակ բոլոր այն հետապնդումները, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն:

«Մենք տեսնում ենք, որ այս թավշյա հեղափոխություն կոչեցյալից հետո վերջին շրջանում լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներն ավելի ակնհայտ են դառնում ու ավելի շատանում»,-ասաց Հովհաննիսյանը:

«Դուք երևի կհիշեք, որ 2016 թվականին իմ նկատմամբ տեղի ունեցավ քաղաքական հետապնդում նախկին իշխանությունների օրոք: Բոլոր ապօրինի գործընթացներն իրականացվում էին հենց այս շենքում (ՀՔԾ-ում): Հիմա որևէ բան չի փոխվել:

Մենք այսօր մամուլի ներկայացուցիչներով հավաքվել ենք այստեղ արդեն մեկ այլ լրատվամիջոցի նկատմամբ իրականացվող հետապնդումների դեմ բողոքելու համար: Ես այս գործելաոճն անընդունելի եմ համարում: Մենք Հայաստանում պետք է կարողանանք իրավական պետություն ստեղծել: Եթե յուրաքանչյուր իշխանություն իրեն ոչ հաճելի մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսի, մենք չենք կարող ապահովել այն մինիմալ իրավական վիճակը, որը պետք է մեր քաղաքացիներն ունենան»:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս ապօրինի հետապնդումների գործելաոճը սպառնում է բոլորին. «Եթե այսօր հետապնդում են Նարեկ Սամսոնյանին, վաղը դրա զոհը կարող է դառնալ սովորական քաղաքացին: Միգուցե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սա նորմալ գործելաոճ է, երբ Նիկոլ Փաշինյանին ոչ հաճելի հրապարակում անողին պատժում են, ասֆալտին պառկեցնում, ուրախանում են դրանով: Սակայն նրանք չեն գիտակցում, որ այս խնդիրը մի օր իրենք էլ են բախվելու: Ինչ-որ մի օր նրանց նկատմամբ էլ դա կարող է կիրառվել»:

«Ցավոք, Հայաստանում մարդկանց ճնշելու, քաղաքական պատվերների միջոցով մարդկանց կալանավորելու պրակտիկան միշտ եղել է, այսօր էլ շարունակվում է: Ես այստեղ եմ մնալու մինչև հասկանամ, թե ինչ է կատարվելու: Մտահոգություն ունեմ, որ կարող է փորձեն կալանավորել Նարեկ Սամսոնյանին՝ այդկերպ վախեցնելով ու ճնշելով մյուս լրատվամիջոցներին:

Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա նման քայլերի, կգիտակցի, որ նման գործելաոճը վնաս է առաջին հերթին հենց իրեն: Նման քայլերով ցույց կտա, որ որևէ բանով չի տարբերվում, իր խոսքերով ասած, բռնապետական ռեժիմից, որից ազատվելու համար էլ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Եթե այդ մարդիկ պայքարել են ու այսօր մենք ունենք նույն իրավիճակը, որը եղել է մինչև 2018 թվականը, ինչ-որ մի օր նույն այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին նորից քայլելով, փողոցներ փակելով հեռացնելու են: Նա պետք է գիտակցի դա»:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե դատի է տալու Analitik.am կայքին, Հովհաննիսյանն ասաց, որ  հերքման տեքստ դեռ չի ստացել Ալեն Սիմոնյանի կողմից. «Մենք Ալեն Սիմոնյանի կողմից հերքման տեքստ չենք ստացել: Երբ ստանանք դա, կնայենք ու կհասկանանք, թե ինչ ենք անելու»:

Նույն շարքից