Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի բամբակյա առասպելը

analitik.am

2018 թվականի նոյեմբերին Գավառում, քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Ծովազարդ գյուղում ստեղծվում է տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել են մանելու: 2019 թվականի հունվարից բացվելու է 400-600 աշխատատեղ, հետագայում 1000-ից ավելի աշխատատեղ է բացվելու գավառցիների համար: Մինչև հիմա ոչ գործարանը կա, բամբակն էլ բամբակից թեթև բերք է տվել, իսկ գործարար Գագիկ Խաչիկյանն անհասցե է:

Analitik.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը մատնանշեց Հայաստանում բամբակի մշակության բացասական կողմերը: Ըստ նրա, Բամբակը քաղցր բույս է, ծաղկման շրջանում դեպի իրեն է ձգում միջատների և մեծ քանակությամբ միջատներ հարձակվում են բամբակի դաշտերի վրա:

«Միջատների հարձակումը կանխելու համար անհարժեշտ է թունաքիմիկատների և պեստիցիդների նորմայից մի քանի անգամ ավելի օգտագործում: Բամբակի դաշտերում մի քանի տարվա ընթացքում հողերը դեգրադացվում են, և կարելի է  ասել, հողը թունավորվում է, բերք արդեն հնարավոր չէ ստանալ»,-ասաց Մնացականյանը, հավելելով, որ Հայաստանում բամբակի մշակությունն առաջացնելու է գյուղատնտեսական, բնապահպանական, ջրային ռեսուրսների հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Նրա խոսքերով, հենց վերոնշյալ խնդիրների, ինչպես նաև պարենային ապահովության պատճառով 1967 թվականից հետո Արարատյան դաշտում այլևս բամբակ չմշակվեց, այլ սկսեցին այգեգործությամբ և պտղաբուծությամբ զբաղվել:

Մնացականյանը համոզված է, որ Հայաստանում ներկրված բամբակի կորիզները գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ էին, որն իր հերթին խնդիր էր գյուղատնտեսության համար:

«1 կգ բամբակ ստանալու համար մինչև 21 տոննա ջուր է անհրաժեշտ, ինչի պատճառով Ուզբեկստանը լուրջ ճգնաժամի առջև է կանգնել. Ամուրդարյա և Սիրդարյա գետերն ուղղել են բամբակի դաշտերի ոռոգման համար, ինչի պատճառով չորացրել են Արալյան լիճը»,-ասաց նա և շեշտեց, որ նման իրավիճակն ազդում է թե՛ բերքատվության, թե՛ կլիմայի վրա։

Գյուղատնտեսության փորձագետը նաև օրինակ բերեց Իրանը, որտեղ մինչև 1978 թվականը մեծ քանակով բամբակ էին մշակում, սակայն հետագայում հողը բաժան-բաժան արվեց և արդեն ձեռնտու չէր այն մշակելը: Մի բան է մեծ դաշտ մշակելը, այլ բան, երբ մեծ դաշտը կտոր-կոտր է լինում, ինչպես եղավ 1978 թվականից հետո: Այժմ Իրանը Չինաստանից բամբակյա կտոր է ներկրում և անցել է այլ կուլտուրաների մշակմանը»:

Մնացականյանը չի զարմանում, որ Արմավիրի մարզում, որտեղ հողատարածքներ էին գնել և բամբակ էին ցանել, ստացել են բավականին ցածր բերք և համոզված է, որ հետագա տարիներին, եթե նույն վայրում բամբակ մշակեն՝ հողի բերքատվությունն ընկնելու է և հողն արդեն պետք է ռեկուլտիվացիայի ենթարկել, ինչն ավելի թանկ արժե, քան բամբակից 5 տարում ստացվող եկամուտը:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նման խնդիրների պարագայում բամբակի աճեցման փուչիկը չի կարող երկար շարունակվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործարարներ Փայլակ Հայրապետյանը և Գագիկ Խաչիկյանը բամբակի մշակությանը մասնակից էին դարձրել նաև Գագիկ Ծառուկյանին: Հետագայում նաև Նիկոլ Փաշինայնը դեռևս բերք չտված բամբակը խառնեց քարոզարշավին՝ ժամանակավորապես ուրախացնելով Գավառի բնակիչներին: Իսկ թե այս տարի ինչպես են  փուչիկ-համոզմունքներ ցանելու և բամբակ-հռետորաբանություն հնձելու՝ պարզ կլինի գարնանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից