Հասարակություն 

Ներբանակային զարգացումները պայմանավորում է երկրում ստեղծված մթնոլորտը. Արթուր Վանեցյան. «Առավոտ»

analitik.am

Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իր տեսանկյունից ներկայացնել բանակում վերջին օրերին տեղի ունեցողի պատճառները, լուծման հնարավոր տարբերակները:

«Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։ Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ և ենթասպաներ՝ առանց պատշաճ և սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից և ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար»,-ասել է նա:

Նույն շարքից