Հասարակություն 

Սա արդեն անվտանգության խնդիր է, ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ. Արթուր Վանեցյան. «Առավոտ»

analitik.am

Այստեղ մասնագիտական և լուրջ մոտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարևոր է լրջությամբ մոտենալ ամեն առանձին դեպքին ու չտարածել դեպքերն ամբողջ բանակի վրա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում բանակում առկա խնդիրների լուծումը:

«Առանձին վերցրած դեպքեր են, որոնք կարող են և՛ սիմպտոմատիկ նշանակություն ունենալ՝ օգնելով պարզել նաև համակարգային սխալները, և՛ թույլ տալ, որ կոնկրետ զորամասում, կոնկրետ միավորման ներսում մթնոլորտը փոխվի, և դեպքերը դադարեն։ Ես կուզեի, որ մենք ոչ թե պարզապես գնանք մեղավորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պետք է արվի, այդ մասին խոսք չկա), և ոչ թե սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էությունը հասկանալու, արմատական լուծումներ տալու և, հետևաբար, հետագա դժբախտությունները կանխելու ուղղությամբ լուրջ գործողություններ սկսենք։

Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ»,-նշել է նա:

Նույն շարքից