Հասարակություն 

Լարսում հայ վարորդները խտրականության են բախվում. Խնդիրը սահմանի նման հին է

analitik.am

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Թեև Լարսը բաց է, սակայն կուտակված ավտոմեքենաների հարցը չի լուծվել:

Analitik.am-ի հետ զրույցում գործարար Էրիկ Սահակյանը նշեց, որ իր բեռնատար ավտոմեքենան 12 օր կանգնած էր Վլադիկավկազի ավտոկայանատեղիում և հայ վարորդներին թույլ չէին տալիս մեքենաները հանել տարածքից:

«Հայ վարորդներին ասում էին, որ հերթեր են, մեքենաների կուտակումներ են ու չէին թողնում ավտոկայանատեղիից դուրս գալ։ Այսօր վարորդն ուղղակի դուրս է պրծել այնտեղից»,-ասաց նա և հավելեց, որ այն ժամանակ, երբ հայ վարորդները կանգնած էին կայանատեղիում և որևէ աջակցություն կամ օգնություն չէին ստանում, թուրք և ռուս վարորդներին շարասյուներով տանում սահմանն անց էին կացնում:

«Վլադիկավկազում չկա մի պատկան կառույց, որը զբաղվի այս հարցերով: Ովքեր մտածում են ու մի բան անում են, նրանց արտոնություններ են տրվում, իսկ ովքեր սպասում են՝ մնում են սպասելով: Այս պրոցեսները երկար տարիներ է  այսպես: Հենց երեկ մեր վարորդներից 15-20 հոգի փորձել են երեկոյան կապ հաստատել և գնալ Լարսում մեր հայ ներկայացուցչի մոտ։ Նրանց ասվել է, որ մեր ներկայացուցիչը Լարսում չէ՝ Հայաստանում է»,-ասաց Սահակյանը:

Գործարարի խոսքերով, այդ թվում նաև իր բեռնատարը բարձած է սննդով կամ արագ փչացող ապրանքով և 12 օր ավտոկայանատեղիում մնալը բացասական հետևանքներ կառաջացնի: Եվ եթե որևէ մեկը, որևէ կառույց վարորդներին աջակցեր՝ նման իրավիճակ չէր ստեղծվի:

«Այդ ապրանքները պետք է արագ ներմուծվի, այնտեղ մնալը նաև ծախս է, իսկ Լարսի ճանապարհը ոչ փլուզված է, ոչ էլ փակ է: Մի քանի օր ձյան պատճառով կանգնեցին, բայց հիմա էլ բաց է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմում կուտակված 1000 ավտոմեքենաներին, Սահակյանն ասաց, որ ինքը ժամանակին մաքսակետում է աշխատել և այդ ավտոմեքենաների հարցը հնարավոր է լուծել, երկու օրվա ընթացքում դրանք կարող են հատել սահմանը:

«Լարսում մենք արժանանում ենք այն վերաբերմունքին, որին չեն արժանանում մեր սահմանին ռուս և վրացի վարորդները: Նրանք այսպիսի խնդիրների չեն բախվում, փող աշխատելու հարցեր չեն առաջանում, բայց իրենց մոտ մեր վարորդներն անընդհատ այդ խնդրին են բախվում։ Այս մասով որևէ արձագանք ու որևէ քայլ չի կատարվում»,- ասաց նա և հավելեց, որ ահռելի հերթերի միջով թուրքերի ավտոմեքենաներն են անց կացնում, իսկ հայկական ավտոմեքենաները մնում են կանգնած։ Այս իրավիճակն անընդունելի է»:

ՀՀ պետական եկամուտների կոմիետի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը Analitik.am-ին ասաց, որ Հայաստանի ներկայացուցիչը, մաքսային կցորդ Արամ Թանանյանը դեռևս Հայաստանում է, քանի որ պետք է փաստթղթային ձևակերպումներ անցնի․ «Ա. Թանանյանի նշանակումը նաև ԱԳՆ-ի ձևակերպումների հետ է կապված, այդ պատճառով ուշանում է։ Այս շաբաթ նա արդեն կլինի Լարսում»,-ասաց նա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից