Քաղաքականություն 

Իշխանությունների մեջ չկան խելացի և բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին հուշեն սա. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

«Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։

Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։

Հայկական կողմը, քաջ գիտակցելով այս վտանգը, Արցախյան հակամարտությունը ներկայացրել է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ տեղական և միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Իրենց ինքնորոշման համար պայքարող ազգերը ստանում են միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ և օգտվում միջազգային իրավունքով տրված բոլոր իրավունքներից և հնարավորություններից։

Դրանով էր պայմանավորված Արցախի անկախության գործընթացը, պետական ինստիտուտների ձևավորումը, ժողովրդավարական արժեքների և իդեալների ամրագրումը Արցախի Սահմանադրության և պետական իշխանության մարմինների գործունեության մեջ։

Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում այնպիսի վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են «Արցախը Հայաստան է, և վերջ», «Արցախը Հայաստանի մարզ է», «Բակո Սահակյանը Արցախի մարզպետն է» և այլն, իսկ Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու և միջազգային հանրությանը Արցախը որպես Հայաստանի մաս ներկայացնելու քաղաքականություն։

Ցանկանում եմ կարծել, որ նշված արտահայտությունների հեղինակները «մոլորված և անգրագետ» պատրիոտներ են, իսկ իշխանությունների մեջ չկան խելացի և բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին կհուշեն, որ Հայաստանի կենսական շահերից է բխում Արցախյան հակամարտությունը որպես ազգերի ինքնորոշում ներկայացնելը, ինչ որ պահի Արցախի անկախությունը ճանաչելը, ապա հետագա ճակատագիրը Արցախի ժողովրդի ուղղակի կամարտահայտման միջոցով որոշելը։

Սա հատկապես կարևոր է Արցախյան հակամարտության միջազգային-իրական հարթության վրա կարգավորելու հեռանկարի գոյությամբ, ինչի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց Մյունխենյան դեբատի ժամանակ։

Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է հատուկ ծրագրի շրջանակներում, իսկ անողները քաջ գիտակցում են իրենց արարքների պետական մակարդակի վտանգավորությունը։

Ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն և պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով։

Եվ միշտ հիշեք. Արցախը երբեք չի եղել և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից