Իրավական 

Մահն առաջին մեքենայի հարվածի հետևանքով է եղել. «Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Նրա փաստաբանը հայտնել է, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետևանքով է եղել։

Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ ևս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից