Հասարակություն 

Պետք է ստուգվի, թե ինչու է այրված չիպսից տհաճ հոտ գալիս. այրվելը խնդիր չէ, խնդիրը հոտն է․ Բաբկեն Պիպոյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ այրում է չիպսերը և այդ հանգամանքը բացատրում դրանց ոչ օրգանական, հետևաբար վտանգավոր լինելու հանգամանքով:

Analitik.am-ի հետ զրույցում  Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց՝ երբ օրգանական նյութը չորացնում են, այն այրվում է։ Այլ հարց է, երբ նման նյութը չի այրվում. «Երբ տան պայմաններում ձիթայուղի մեջ կարտոֆիլի շերտերը տապակում են, հետո չորացնում միկրովառարանի մեջ, դրանից հետո ստացված կարտոֆիլի չոր շերտերը պետք է այրվեն: Եթե սովորական կարտոֆիլը երկար մնա կրակի մեջ՝ կմոխրանա. օրգանական նյութ է՝ պետք է այրվի»,-ասաց նա և հավելեց՝ եթե տապակած, չորացրած կարտոֆիլի շերտերը չեն այրվում, նշանակում է խոնավություն կամ ճիշտ մշակման փուլ չի անցել:

Ինչ վերաբերում է տեսանյութում արձանագրած տհաճ հոտին, Պիպոյանն ասաց, որ դա այլ խնդիր է, պետք է ստուգվի, թե ինչու է նման տհաճ հոտ գալիս. այրվելը խնդիր չէ, խնդիրը հոտն է:

Նա խնդիր է տեսնում նաև սննդակարգում չիպսերի օգտագործումը, հատկապես զգալի քանակով օգտագործումը. չիպսերը ոչ միայն օգտակար չեն օրգանիզմի համար, այլ մշտապես օգտագործելու դեպքում՝ նաև վնասակար են:

«Չիպսերի մեջ օգտակար նյութ չկա: Այս մթերքը բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Ընդհանրապես կան մթերքներ, որոնցից պետք է խուսափել: Իսկ չիպսերի շատ օգտագործումը բերում է նաև ճարպակալության»,-ասաց Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահը և հավելեց, որ կան մթերքներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում, երբ օգտագործվում են մեծ չափաբաժիններով:

Նա նաև նշեց, որ չիպսեր պատրաստում են կարտոֆիլից, եգիպտացորենից, սակայն Հայաստանում չկան համապատասխան լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է պարզել, թե դրանց արտադրության մեջ ինչ նյութեր են օգտագործվել. հաճախ խոսք է գնում այլ հարակից ոչ օգտակար նյութերի օգտագործման մասին:

Ինչ վերաբերում է այսպես կոչված կարտոֆիլի պլեճներին, որոնք սիրում ենք վառարանի վրա շերտ-շերտ տապակել, Պիպոյանն ասաց, որ թարմ ձեթի պարագայում խնդիր չկա:

«Մեծ քանակի չիպսերի օգտագործումը ծխախոտի օգտագործումից պակաս վտանգավոր չէ»,-շեշտեց Պիպոյանը և կրկին արձանագրեց, թե լավ է, որ չիպսն այրվում է, պետք է անհանգստանալ, երբ այն չի այրվում:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից