Բարի օր Քաղաքականություն 

Կարծում եմ՝ շարունակում եք խախտել լրագրողական էթիկայի կանոնները. Ռուբեն Մելիքյանը՝ Հ1-ի լրագրողին

analitik.am

Երեկ ՔՊ գրասենյակում Իմ քայլը խմբակցության նիստից հետո, երբ Ալեն Սիմոնյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, Հ1-ի լրագրողը, հարց ուղղելով ԱԺ փոխխոսնակին, իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին ներկայացրեց որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից:

Ավելի ուշ Մելիքյանն արձագանքեց լրագրողի խոսքերին՝ ֆեսբուքյան իր էջում բարձրաձայնելով լրագրողական էթիկայի մասին:

«ՔՊ գրասենյակի դիմաց Հ1-ի լրագրող Անուշ Մուրադյանի հարցը՝ Ալեն Սիմոնյանին (հեռարձակվել է ուղիղ եթերով).

«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունն իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում:»։

Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։

Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը։

Առաջին ալիք

ԼՐԱՑՈՒՄ. Խնդրում եմ մեկնաբանություններում լինել քաղաքավարի»:

Անուշ Մուրադյանի պատասխանից պարզ է դառնում, որ նա դա ասել է ենթարդություն անելով. «պարոն Ռուբեն Մելիքյան մենք բազմիցս կարդացել ենք Ձեր դիրքորոշումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, նաեւ տեսել ենք Ձեզ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ակցիաներին, հետևաբար ենթադրել ենք, որ Դուք աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Բայց եթե Քոչարյանի աջակից լինելը Ձեզ վիրավորում է, ապա հետագա հարցադրումներում մենք ձեռնպահ կմնանք Ձեզ այդպես ներկայացնելուց»։

«Տիկին Մուրադյան, Դուք, կարծում եմ, շարունակում եք խախտել լրագրողական էթիկայի կանոնները։ Նախ, ի գիտություն Ձեզ, իրավապաշտպանի պարտքն է արձագանքել ցանկացած անձի դեմ կատարվող ապօրինություններին։ Երկրորդ, Դուք ինձ վերագրում եք «դիրքորոշումներ» (վիրավորանքի մասով, որևէ մեկի աջակիցը լինելու մասով և այլն), որոնք ես չեմ հայտնել։ Եվ վերջապես երրորդը, մինչ օրս առիթ չեմ ունեցել մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու օրակարգով որևէ ակցիայի։

Հետևաբար Ձեր ենթադրություններն անհիմն են։

Պնդում եմ դիրքորոշումս առ այն, որ Դուք հարցի փոխարեն քաղաքական գնահատականներ եք տալիս՝ քարոզչության ժամանակահատվածում։

Հուսամ՝ այլևս ինձ առիթ չեք տա այս թեմային անդրադառնալու»,-պատասխանել է Ռուբեն Մելիքյանը:

Նույն շարքից