Հայաստան Քաղաքականություն 

Մեր նախաձեռնությունը երկու նպատակ է հետապնդում. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի մասին

analitik.am

Մենք մեր գործողություններով չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որևէ բան: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «ՈՉ»-ի քարոզչական խմբին, որին նախաձեռնողներից մեկն ինքն է: Այս մասին հայտնում են News.am-ը:

Հարցին, թե արդյոք մասնակցելով հանրաքվեի գործընթացին, իրենք չեն լեգիտիմացնում գործընթացը, նա պատասխանեց. «Լեգիտիմությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական կատեգորիա է: Մեր նախաձեռնող խումբը կազմված է բացառապես իրավաբաններից, մարդկանցից, որոնք պրոֆեսիոնալ գործունեությունը են ծավալում:

Չլինելով քաղաքական գործիչներ, մենք չենք կարող այն համակարգում տեղավորվել, որտեղ լեգիտիմության լինել-չլինելու հարցեր կան: Մեր երկընտրանքը ոչ թե լեգիտիմություն-ոչ լեգիտիմությունն է, այլ իրավաչափություն-ոչ իրավաչափությունը: մենք շարունակում ենք պնդել, որ հանրաքվեի գործընթացը ոչ իրավաչափ է եղել, թե բովանդակային, թե ընթացակարգային առումով այս հանրաքվեի նշանակումը հակասահմանադրական է:

Մենք մեր գործողություններով չենք կարող լեգիտիմացնել կամ ապալեգիտիմացնել որևէ բան: Մենք կարծում ենք, որ այս գործընթացն էլ ավելի մեծ վտանգներ կարող է ունենալ մեր պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ»:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունը երկու նպատակ է հետապնդում. «Նախ հնարավորություն տալ մեր այն քաղաքացիներին, որոնք ասելիք ունեն «այո»-ն բացառող բոլոր տարբերակների վերաբերյալ հարթակ ունենալ, իսկ օրենքով «ոչ» քարոզչական կողմին տրամադրվում է հարթակ, առաջին հերթին անվճար եթերաժամերի տեսքով: Երկրորդ՝ այն քաղաքացիներին, որոնք ունեն վերահսկողական մեխանիզմներ, որպես վստահված անձ, որպես հանձնաժողովի անդամ հանդես գալու մասով, հնարավորություն տալ, որ այդ վերահսկողական մեխանիզմները գործադրվեն:

Մենք խոսելու ենք իրավական կողմի մասին: Մենք հետևելու ենք, որ ամեն դեպքում «ոչ» քարոզչության կողմի մասով ունենանք թշնամանքի, ատելության բովանդակությունից զերծ ուղերձներ: Ակնկալում ենք համարժեք մոտեցում հակառակ կողմից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նույն շարքից