Հասարակություն Տեսանյութեր 

Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի. Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց սպասվելիք պաշտոնանկությունների մասին

analitik.am

Բոլորը պետք է գիտակցեն, որ բանակին վերաբերող խնդիրները մեր անվտանգությանն են վերաբերում: Այդ խնդիրների լուծումից է կախված, թե ինչպես մեր երկիրը կլուծի մյուս խնդիրները: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում փակ քննարկում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորների և ԳՇ պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ:

Հարցին, թե քանի մարդու պաշտոնանկության մասին է հարց բարձրացվել այսօրվա քննարկմանը, Քոչարյանն ասաց, որ հիմա չի կարող այդ մասին խոսել. «Բայց որ պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք»:

Քոչարյանի խոսքերով, պաշտոնանկությունները վատ բան չեն, դրանք առողջացնող, սթափեցնող դրսևորումներ ունեն. «Մենք ունեցել ենք տարբեր փետրվարներ, ունենք նաև այսպիսի փետրվար, որը գուցե կարելի է անվանել ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու դրսևորումների առումով շատ սուր … Ես միշտ իմ տեսակետն ասել եմ, որ մեր ԶՈՒ-ն որևէ ինքնասպանության կամ ինքնասպանության դրդման դեպք պետք է չունենա: Մենք պետք է հասնենք նրան, որ բանակում լինի եղբայրության սկզբունքը՝ կառուցված կոնկրետ կանոնակարգային պահանջներով: Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»:

Նույն շարքից