Քաղաքականություն 

Պետական համակարգն ուռճացել է և, ինչպես ցանկացած ուռճացած մարմին, դժվարությամբ է աշխատում /Լուսանկարներ/

analitik.am

2017 թվականին պետական համակարգում աշխատում էր 36 812 մարդ, 2018 թվականին 36 875, իսկ 2019 թվականին 37 075 մարդ: Բացի այն, որ ավելացել է պետական համակարգում աշխատողների թվաքանակը, փոխարեն պաշտոնյաները նշանակվում են հիմնականում առանց նկատի ունենալով նրանց մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն է: Ի դեպ, Հակոբ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվել է ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ քննության ժամանակ նա բավարար գիտելիքներ չի ցուցաբերել, սակայն նրա մասնագիտական թերությունների վրա աչք են փակել, քանի որ նա Նիկոլ Փաշինյանի մտերիմն է:

Ի դեպ, այս թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ կառավարչական կամ ձեռնարկատիրական, կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա փորձ: Իհարկե, բացի քաղաքացիական կենսագրությունից, Վիլեն Գաբրիելյանը մասնագիտական այլ փորձառություն չունի կամ էլ թաքցնում է դա:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Սարգսյանը մասնագիտությամբ մարզական լրագրող է, ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնագիտությամբ անասնաբույժ է, ժամանակին ներկայանում էր որպես սննդի անվտանգության մասնագետ՝ չլինելով այդպիսին: Նշանակումից հետո անասնաբուժական ոլորտը հետընթաց է ապրում: Այս պարագայում նրա նշանակումը ևս կասկածի տեղիք է տալիս:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ավարտել է Կոպենհագենի բիզնես դպրոցը, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում է ստացել, ունի սեփական ՀԿ-ն, իսկ թե այս մասնագիտությունը և ՀԿ ունենալը որքանով է արդարացնում նրա պաշտոնը՝ անհայտ է:

Կարող ենք հավելել՝ երբ Տաթևիկ Ռևազյանին նշանակել են քաղավիացիայի կոմիտեի նախագահ, կոմիտեի  աշխատակցիների համար ակնհայտ էր, որ նա գործից ոչինչ չի հասկանում: Գուցե այժմ հասկանում է:

Ոչ մասնագետ պաշտոնյաների թեման շարունակական է:

Ինչպես կարող ենք ամփոփել պաշտոնները և պաշտոնին ոչ համապատասխան մասնագետների շարանը: Փաստ է, որ պետական ապարատը ոչ միայն ուռճացել է, այլ նաև համալրվել է ոչ մասնագետ պաշտոնյաներով: Նաև այդ է պատճառը, որ հաճախ է խոսվում սխալների, մասնագիտական բացթողումների, ոչ կոմպետենտ կառավարման, նաև ոլորտային անհաջողությունների մասին։ Դա կապված չէ ոչ անցյալի, ոչ ապագայի հետ, այլ միայն նոր քաղաքական իրողությունների պարագայում քաղաքական նշանակումների և մասնագետների սղության:

Այսօր այս է իրողությունը. կառավարման համակարգը երկու ոտքից կաղում է: Պետական համակարգն ուռճացել է և, ինչպես ցանկացած ուռճացած և ճարպակալած մարմին, դժվարությամբ է աշխատում և շարժվում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից