Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանի 6-օրյա «տուրիստական» այցն ԱՄՆ որակվել որպես գործուղում․ Անի Հովհաննիսյան /լուսանկարներ/

analitik.am

Analitik.am կայքի ղեկավար Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանի 6-օրյա տուրիստական այցն ԱՄՆ որակվել որպես գործուղում.

2019 թվականի հունվարին ՀՀ ԿԳՄՄ նախարար Արայիկ Հարությունյանը 6-օրյա այցով գնացել էր ԱՄՆ։ Ես ուսումնասիրեցի այդ այցից հետո Հարությունյանի ներկայացրած հաշվետվությունը՝ հասկանալու համար, թե ինչ կարևոր հարցերի լուծման համար է նախարարը 6 օր բացակայել աշխատավայրից՝ որակելով դա գործուղում։

Նշեմ, որ այցից անցել է մեկ տարուց ավել՝ այսինքն այս ժամանակահատվածում նշված պայմանավորվածությունների մասով պետք է կատարվեր աշխատանք և լինեին արդյունքներ։ Դա պարզելու համար հարցում ուղարկեցի ԿԳՄՍ։ Ստորև կներկայացնեմ, թե ինչ է գրված եղել հաշվետվության մեջ և ինչ ունենք փաստացի արված՝ ավելի շուտ չարված։

Ըստ հաշվետվության, Արայիկ Հարությունյանը․

• Պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի հետ ՀԲԸՄ-ի ավագ դպրոցների աշակերտների ուսումնական պրակտիկան Հայաստանում կազմակերպելու համար։

Այս մասով որևէ գործողություն չի արվել, ոչ ոք Հայաստան չի եկել պրակտիկա անցնելու։ Ի պատասխան ԿԳՄՍ-ից նշել են, որ ՀԲԸՄ-ի է «Armenian Virtual College»-ի էլեկտրոնային հարթակն օգտագործվելու է հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի առհասարակ ԱՄՆ այցը վերոնշյալի հետ։ «Armenian Virtual College»-ը հիմնադրվել է 2004 թվականին, մինչ օրս ակտիվ համագործակցել է նախարարության հետ, բազմաթիվ նախագծեր է իրականացրել այս 15 տարիների ընթացքում, ի՞նչ կապ ունի Արայիկ Հարությունյանը։ Ով էլ լիներ ԿԳՄՍ նախարար, այդ կառույցի հետ համագործակցությունը շարունակվելու էր բնականոն հունով։

• Հարավային Կալիֆորնիայի համալսարանի /USC/ հայագիտության կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական սփյուռքի հնարավորությունները , կադրերը, կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ։

Ի պատասխան այս պայմանավորվածության, ԿԳՄՍ-ից որևէ բան չեն հայտնել։ Ստացվում է, որ հաշվետվության մեջ նշվում է մի բան, որը կամ գոյություն չի ունեցել, կամ էլ մեկ տարվա ընթացքում ուղղակի որևէ գործողություն չի արվել պայմանավորվածությունը գործնական հարթություն բերելու ուղղությամբ։

•Մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել Լոս Անջելոսի կալիֆորնյան համալսարանի/UCLA/ Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթնեսի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ։

Այս մասին նույնպես ԿԳՄՍ-ի պատասխաններում չկա։ Նորից կամ չի եղել, կամ եղել է նման պայմանավորվածություն, ուղղակի չի կատարվել։

Փոխարենը ԿԳՄՍ-ից հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանի՝ ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում 2020-ին ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել «Intel» միջազգային գիտատեխնիկական փառատոնին։ Հաշվի առնելով այն փաստը, որ մասնակցության հայտը կարելի էր առցանց լրացնել և ուղարկել, անհասկանալի է դառնում, թե ինչ կապ ունի դա Հարությունյանի ԱՄՆ այցի հետ։ Ապա նշում են՝ Արփա ինստիտուտի աջակցությամբ կազմակերպվել է 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում։ Լավ, բայց Արփան Հայաստանում ներկայացուցչություն ունի, նորից հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի 6-օրյա ԱՄՆ այցն այս ամենի հետ։

Արդարության համար նշեմ, որ այցը պետական բյուջեի հաշվին չի եղել, սակայն այստեղ այլ հարց է առաջանում, եթե Արայիկ Հարությունյանն ուղղակի պետք է տուրիստական նպատակներով գնար և 6 օր մնար ԱՄՆ-ում, ապա դա ինչո՞ւ է ձևակերպվում որպես գործուղում, ինչո՞ւ է ճանաչողական վոյաժի համար նախարարն աշխատավարձ ստանում։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի այցի նպատակը եղել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակի հանձնումը։ Լավ է, որ գոնե 6 օրում մի ձեռքբերում եղել է՝ մրցանակը հանձնել է))

Նախարարն ուներ բոլոր հնարավորություններն իրոք կրթության և գիտության համար լուրջ պայմանավորվածություններ ձեռքբերելու և դրանք իրագործելու համար, սակայն 6-օրյա այցը փաստացի օգտագործվել է տուրիստական նպատակներով՝ որակվելով գործուղում։

Կից ներկայացնում եմ հաշվետվության և ԿԳՄՍ-ի կողմից ուղարկված պատասխանները, նաև նշածս կետերը փաստող սքրիններ։

Հ․Գ․ Պետական պաշտոնյաների գործուղումներն այսուհետ լինելու են իմ ուշադրության կենտրոնում»։

Նույն շարքից