Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Ինչու իրականում պաշտոնից ազատվեց Աջափնյակի թաղապետը

analitik.am

Նախօրեին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ դիմում է ներկայացրել դադարեցնելու իր լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար, և որոշել է իր գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել մեկ այլ ազգօգուտ գործում:

Նա նաև նշել է, որ 2018 թվականից պատիվ է ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել է սիրով ու բարձր պատասխանատվությամբ:

Արդեն խոսակցություններ են պտտվում, որ Բաբայանի պաշտոնանկության պատճառը դարձել է ապօրինությունը:

Analitik.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի Վերահսկողական վարչությունն իր ձեռքի տակ եղած տվյալներն ուղարկել է ոստիկանություն. «Քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ նյութեր է ուղարկում ոստիկանություն, եթե հայտնաբերվում են ենթադրյալ ապօրինություններ: Այս դեպքի հետ կապված նույնպես նյութեր ենք ուղարկվել»,- ասաց նա՝ հավելելով, որ տարբեր տարիների բացահայտումներ են եղել:

Ինչ վերաբերում է Բաբայանի պաշտոնանկության պատճառներին, Կարապետյանն ասաց, թե մեկ կոնկրետ հանգամանք չէ, որ ազդել է համապատասխան որոշման վրա. Քաղաքապետը սովորաբար կադրային փոփոխություններ անելիս հաշվի է առնում աշխատանքի արդյունավետությունը։

Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:  Ինչ վերաբերում է տեսուչի հարցաքննվելուն, մեզ չհայտնեցին:

«Հրապարկման ենթակա այլ ինֆորմացիա չկա»,-փոխանցեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Factor.am-ին Աջափնյակի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար: Մասնավորապես, նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անունով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այդ առանձնատներից մեկի հետ կապված խախտումները բացահայտել է և դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել, սակայն Բաբայանը տեսուչից վերցրել է արձանագրությունը և նրան ազատել աշխատանքից: Այդ արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ ուղարկվել Ոստիկանություն:

Նույն շարքից