Բարի օր Քաղաքականություն 

Գենդերային հավասարության հնարավոր վտանգավոր հետևանքները. Անի Հովհաննիսյան

analitik.am

«Գենդերային հավասարության հնարավոր վտանգավոր հետևանքները.

Գենդերային հավասարություն տերմինը հաճախ օգտագործվում է՝ առանց այդ տերմինի արտացոլած իմաստն ամբողջովին գիտակցելու։ Ասում են գենդերային հավասարություն՝ ի նկատի ունենալով կանանց և տղամարդկանց միջև իրավունքների հավասարությունը, սակայն դա ամենևին այդպես չէ։ Գենդերը վերաբերում է ոչ թե բիոլոգիական սեռին, այլ սոցիալական, հոգեբանական սեռին։ Այսինքն՝ երբ սորոսականները խոսում են գենդերային հավասարության մասին, տպավորություն է, թե խոսքը վերաբերում է կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, բայց իրականում այս տերմինի գործածությունն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը նաև վերաբերում է տրանսսեքսուալ, միասեռական և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց։ Նշեմ, որ հաշվվում է մոտ 300 գենդեր (այս աբսուրդային գենդերների մասին կխոսեմ մանրամասն հետագայում)։

Հիմա, երբ ասում են, որ պետք է լինի հավասարություն սեռերի՝ կանանց և տղամարդկանց միջև, ես որևէ առարկություն չունեմ, ինքս էլ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով ամեն ինչ անել, որ կանայք ավելի շատ ներգրավվածություն ունենան բոլոր ոլորտներում, զբաղեցնեն ղեկավար պաշտոններ՝ ավելին, ես գտնում եմ, որ Հայաստանի նման երկրներում հենց կանայք պետք է ավելի ակտիվ զբաղվեն քաղաքականությամբ և զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։ Այստեղ մեկ այլ հարց կա, որ իմ նշած և պատկերացրած սեռերի հավասարությունը ոչ մի աղերս չունի գենդերային հավասարություն կոչեցյալի հետ։ Մի դեպքում խոսքը վերաբերում է կանանց և տղամարդկանց, մյուս դեպքում՝ միասեռականներին, տրանսգենդերներին և այլ մոտ 300 տեսակի գենդերներին։

Սա շատ կարևոր է, որպեսզի տարբերակենք․ երբ գենդերային հավասարության մասին սեմինարներ, քննարկումներ և այլ միջոցառումներ է անցկացվում, պետք է հաշվի առնել այս տերմինի իրական իմաստը։ Ես հասկանում եմ, որ ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, ընդունել օրենքներ, որտեղ կա գենդերային հավասարություն ձևակերպումը՝ օգտագործելով այն կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության իմաստով, բայց խնդիրն այն է, որ ինչ-որ մի օր հենց այդ ձևակերպման շնորհիվ հնարավոր է լինելու անցկացնել թե միասեռականների ամուսնության մասին օրենք, թե տրանսգենդերների և այլ գենդերների մասին ուսուցողական ծրագրեր դպրոցներում և այսպես շարունակ։ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու դեպքում էլ միասեռականների, տրանսգենդերների և այլ գենդերների քարոզչության իրականացումը երեխաների շրջանում, այսպես կոչված, երեխաների իրական գենդերը բացահայտելուն ուղղված ուսումնական ծրագրերի ներդրումը և այլն, ժամանակի հարց է լինելու, քանի որ մենք արդեն իսկ ընդունել ենք գենդերային հավասարություն ասվածը։

Սորոսականները հենց գենդերային հավասարություն տերմինն են օգտագործում, քանի որ յուրաքաչյուր օրենք, որտեղ կա այս տերմինը շատ հեշտությամբ հետագայում հնարավոր կլինի կիրառել թե տրանսգենդերներին, թե այլ գենդերներին տարատեսակ իրավունքներ և արտոնություններ շնորհելու, երեխաների շրջանում քարոզչություն անելու, արական և իգական սեռերի հասկացությունը խեղաթյուրելու և այլ կեղծ ու վտանգավոր թեզեր առաջ բերելու համար:

Հ․Գ. Հեռու պահեք ձեր երեխաներին Սորոսի հիմնադրամի հետ առնչվող յուրաքանչյուր կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներից, սեմինարներից, ծրագրերից!!! Ուշադիր հետևեք դպրոցներում ներմուծված նոր ծրագրերին և մեթոդներին»։

Նույն շարքից