Հայաստան Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը տեղյա՞կ չէ, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հանրային ծառայող է

analitik.am

Փետրվարի 17-ին պաշտոնապես մեկնարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն: Քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց արդեն խախտումներ ու թվացյալ խախտումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով աշխատանքային ժամին քարոզչական հրապարակում էր արել ֆեյսբուքյան իր էջում: Ինչ վերաբերում է թվացյալ խախտումներին, ապա այստեղ որպես օրինակ կարելի է մատնանշել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը, ով կոչ է արել չմասնակցել հանրաքվեին:

Ղազարյանն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, գրառումն արել է ոչ աշխատանքային ժամի՝ այսինքն, որևէ խախտում չի արել:

ՍԴ աշխատակազմի ղեկավարի գրառմանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում: Դե ինչ, այս ամենին ի պատասխան Էդգար Ղազարյանին և իր շեֆին մեկ ասելիք կա` ՈՏՔԻ՛, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԳԱԼԻՍ»,-գրել է նա:

Փաստորեն, ԱԺ փոխխոսնակը տեղյակ չէ օրենքից, որի համաձայն հանրային ծառայողը ոչ աշխատանքային ժամերին քարոզչությամբ զբաղվել իրավունք ունի: ՍԴ աշխատակազմի ղեկավարը հանրային ծառայող է և իր գրառումն արել է ոչ աշխատանքային ժամին, հետևաբար որևէ օրենք չի խախտել:

Նույն շարքից