Բարի օր Տնտեսություն 

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը վտանգում է ներդրումները. Տնտեսագետ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը խոսեց նաև Ամուլսարի հետ կապված իրավիճակի մասին: Տնտեսագետը նշեց, որ ստեղծված իրավիճակը վտանգներ է ստեղծում ներդրումների համար. «Ես ավելի տնտեսագետ ու ֆինանսիստ եմ, քան՝ բնապահպան: Բայց ես նաև քաղաքացի եմ ու հասկանում եմ, որ նման հարցերը պետք է շուտ լուծել, չի կարելի ձգձգել: Անկախ նրանից լավ ես ճոճում, թե՝ վատ, նավակը մի օր շուռ է գալիս»:

«Ես շատ բան չեմ հասկանում բնագավառից, բայց այս երկրի քաղաքացի եմ ու ուզում եմ, որ լուծումները լինեն հնարավորինս արդյունավետ, որակյալ, այդ թվում՝ բնապահպանության տեսանկյունից: Սակայն կա մի սահման, որ անցել ենք: Ես շատ եմ գնում Զանգեզուր, տեսել եմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես կարող եմ պնդել, որ Լիդիանի տեխնոլոգիաները մոտեցումները, նաև՝ անվտանգության տեսանկյունից, շատ ավելի պաշտպանված է, քան այն, ինչ մենք այսօր ունենք Հայաստանում: Գնացեք հանքավայրերը տեսեք, խայտառակություն է: Չգիտես, թե ինչու որևէ մեկը դրանց մասին չի խոսում, ֆիքսվել են Լիդիանի վրա»,-ասաց նա:

Ասատրյանի խոսքերով, իշխանությունը պետք է վճռականություն դրսևորի, որի հիմքում պետք է լինեն այն գնահատականները, ուսումնասիրությունները, որոնք կան. «Պետք է որոշում կայացնել, ամեն օր ուշացումը վտանգում է ներդրումները: Շուտ լուծումը պետք է տալ ու էջը փակել»:

 

Նույն շարքից