Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը նպատակ ունի ձևավորելու կառավարելի և յուրային սահմանադրական դատարան. Մելոյան

analitik.am

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ դրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»: Ազգային ժողովում նախագծի ընդունումից հետո, փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին։

Սահմանադրության մեջ փոփոխությունների նպատակի, հայեցակարգերի և այլ հարցերի մասին, Analitik.am-ը զրուցել է իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ:

Մեզ հետ զրույցում տիկին Մելոյանն ասաց, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս հայեցակարգ է մշակվում և ներկայացվում հանրությանը, որպեսզի քաղաքացիները հասկանան նախատեսվող փոփոխությունների հիմնական նպատակն ու ուղղությունները. «Այս պարագայում ընդամենը մեկ հոդվածում է փոփոխություն կատարվում, այն էլ՝ անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն արդեն իրագործվել և սպառել է իրեն: Բնականաբար որևէ հայեցակարգ չկա, կան մանիպուլատիվ և ուղղորդվող կոչեր»:

Սահմանադրական դատարանի և դրա կազմի փոփոխությունների հիմնական նպատակի վերաբերյալ տիկին Մելոյանն ասաց, որ իշխանությունն ուղղակի նպատակ ունի ձևավորելու կառավարելի և յուրային սահմանադրական դատարան. «Սակայն այս չափ շտապողականության և նմանաբնույթ հակաիրավական պրոցեսների ուղեկցմամբ գործընթացների մեկնարկումն ու իրականացումն անհասկանալի է»:

Մեր հարցին, կարո՞ղ ենք ենթադրել, որ Սահմանադրության մեջ փոփոխությունները հանուն մեկ անձի են արվում, իրավագետն ասաց, որ փոփոխությունների նախագիծը ոչ թե մեկ անձով է պայմանավորված, այլ կոնկրետ առաջարկում են Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունների միաժամանակ դադարեցում, ինչն էլ  հետագայում լրացուցիչ վտանգավոր հետևանքների առջև է կանգնեցնելու պետության իրավական անվտանգությունը. «Եթե ներկայումս ունենք տարբեր ժամանակներում տարբեր իրավասուբյեկտներից կազմված Սահմանադրական դատարան, հետագայում, եթե հանրաքվեի արդյունքում «այո» կողմը հաղթանակ գրանցի, ունենալու ենք կոնկրետ մեկ ուժի կողմից կազմված Սահմանադրական դատարան: Դրանից հետո, բնականաբար, այն լիովին յուրային է դառնալու:  Այդ իշխանահաճո կազմով Սահմանադրական դատարանն այնքան էլ արդարացված չի լինելու հանրության կողմից»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնչած տեսակետին, թե ՍԴ-ն և օրենքներն առոչինչ են, եթե կա ժողովուրդը, սահմանադրական իրավունքի մասնագետն ասաց, որ չի կիսում այդ տեսակետը. «Պատահական չէ, որ մարդկության էվոլուցիայի արդյունքում ձևավորվել են պետական ինստիտուտներ: Սահմանադրությունը պայմանագիր է ժողովրդի ու պետության միջև, որի միջոցով ժողովուրդն օժտել է պետական մարմիններին՝ պրոֆեսիոնալ կերպով իրականացնելու իր լիազորությունները: Իրավական պետություններում օրինականության սկզբունքի համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք լիազորված են կատարելու միայն սահմանադրությամբ և օրենքներով սահմանված գործողություններ:

Բնականաբար կան հարցերի շրջանակներ, որոնց վերաբերյալ ժողովուրդը չի կարող օբյեկտիվորեն որոշում կայացնել, կամ պետք է ժողովրդին հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա մատուցվի, որի հիման վրա կկարողանան կատարել որոշակի եզրահանգումներ: Իսկ մենք ականատես ենք լինում այդ օբյեկտիվ հրամցվող տեղեկատվության պակասի»:

Տիկին Մելոյանի խոսքերով, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն արհեստածին է. «Արհեստական օրակարգ է ներմուծված հանրության մեջ, որովհետև մեծամասնությունը չի պատկերացնում թե ինչ է Սահմանադրական դատարանը և ինչ գործառույթներ է իրականացնում: Թյուր կարծիք են հրամցրել ժողովրդին, թե Սահմանադրական դատարանը որոշակի գործերի շրջանակում կարող է վերջնական որոշումներ կայացնել: Նույնիսկ բարձր ամբիոնից տեսակետ հնչեցվեց, որ կարծիք կա, թե Սահմանադրական դատարանը վերջում հանցագործներին բաց է թողնելու: Ո՛չ, Սահմանադրական դատարանը նման գործառույթ չունի, նա ընդամենը որոշում է օրենքների դրույթների իրավանորմերի սահմանադրության համապատասխանության հարցը և իրականացնում է Սահմանադրական արդարադատություն: Այս պարագայում ևս արհեստածին օրակարգ են փորձել ներմուծել հանրության մեջ: Փորձ է արվում, ժողովրդի կամաարտահայտությունը չարաշահելով ու մանիպուլատիվ կոչերով, ստանալ այն ինչ ուզում են»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում տեղադրված այն լուսանկարին, որտեղ նա բացահայտ քարոզչություն է իրականացնում, հանրությանը ցույց տալով «այո» քվեարկելու առավելությունները՝ Մելոյանն ասաց, որ դա կրկին կարելի է մանիպուլատիվ քարոզչություն որակել, որովհետև ակնհայտորեն ասֆալտապատման որակը երկրում որևէ աղերս չի կարող ունենալ Սահմանադրական դատարանի գործունեության հետ. «Մենք ականատես եղանք նրան, որ տարաբնույթ կերպով պաշտոնատար անձանց կողմից քարոզչություն է իրականացվում: Սակայն հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրային ծառայողներին արգելվում է իրենց լիազորություններն իրականացնելիս իրականացնել նաև քարոզչություն: Ուստի, սա ևս կարող է դիտարկվել որպես հանրաքվեի գործընթացի խախտում»:

Օֆելի Իսրայելայն

Նույն շարքից