Հասարակություն 

«Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

analitik.am

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։

Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։

Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։

«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», - ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների  շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից