Հասարակություն 

Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է կատաղած շունը հարձակվում դպրոցական երեխայի վրա. Երևանի բնակիչ

analitik.am

Analitik.am լրատվականի հետ կապ հաստատած Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Անահիտ Մեհրաբյանը բողոքում էր թափառող շների ավելանալու և անխուսափելի վտանգների մասին:

Նա նշեց, որ երեկ ընթերցել է մեր կայքում տեղ գտած նյութը, որտեղ նույն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արթուր Էլբակյանը թափառող շների ագրեսիվ վարքը կապել է աղբահանության որակի բարձրացման հետ. «Ի՞նչ աղբահանության որակի մասին է խոսքը: Ուրեմն, եթե աղբը ճիշտ ժամանակին հավաքում են, ինչը պետք է լիներ, նշանակում է, որ շները պետք է բնակիչների վրա հարձակվե՞ն: Պարոն Էլբակյանն ասում է, թե հատուկ կենտրոնի աշխատակիցները վնասազերծում են շներին: Սուտ է, նման բան չկա: Մեր վարչական շրջանում ամեն քայլափոխին կարող ես կատաղած շուն հանդիպել»։

Տիկին Մեհրաբյանի խոսքերով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու բաժնի պետերն անտարբերության են մատնել իրենց շրջանը. «Բնական է, դե իշխող ուժի կողմից նշանակվածներն այդպես էլ պետք է անեն: Սկզբից սառույցների պատճառով չէինք կարողանում տանից դուրս գալ, հիմա էլ՝ թափառող շների: Տեսնես շներից հետո ի՞նչն է վախեցնելու բնակիչներին: Ասում են, թե աղբահանության որակն է բարձրացել, բա տենց էլ պետք է լիներ, զարմանալու բան չկա: Այնպես չէ, որ նախկին իշխանությունների ժամանակ աղբահանության աշխատանքներ չէին տարվում»։

Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն մի քանի անգամ ականատես է եղել, թե ինչպես է կատաղած շունը հարձակվում դպրոցական երեխայի վրա. «Չխոսեմ այն մասին, թե քանի անգամ են կծել երեխաներին ու մինչև անգամ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ եղել: Բա այդ երեխաների վախե՞րը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես են նրանք վախեցել: Ու սա՝ թաղապետարանի անգործության պատճառով:

Ներկա իշխանության ներկայացուցիչներին թողնես ամբողջ օրը կքննադատեն նախկիններին, մեկը լինի հարցնի, թե դուք ինչ եք անում: Բանից անտեղյակ նստել եք ձեր աթոռներին ու սպասում եք մինչև աշխատանքային ժամը վերջանա, որ ձեր պադավատը գա տուն տանի: Այս ո՞ւր ենք հասել, այս ովքե՞ր են մեր երկրի կառավարող ներկայացուցիչները»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից