Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները նպաստում են մթնոլորտի շիկացմանը. Նավասարդյան

analitik.am

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի կարծում թե ատելության խոսքի քրեականացումը միջոց է դրա դեմ պայքարելու համար: Նրա խոսքերով, օրենքի կիրառումն է բավականին բարդ, դատարաներն էլ, ըստ երևույթին, պատրաստ չեն դրան:

Ինչ վերաբերում է հարցին՝ այդ դեպքում ինչպես պետք է պայքարել ատելության խոսքի դեմ, Նավասարդյանը նշեց, որ պետք է շատ զգույշ մոտենալ, չի կարելի ակնկալել, թե մի քանի շաբաթվա մեջ լավագույն լուծումը կգտնվի. «Չի բացառվում, որ որակյալ լուծման համար անհրաժեշտ կլինի 1-2 տարի»:

«Պետք է մտածել որոշակի այլընտրանքային ճանապարհների մասին: Առաջինը ես կնշեի քաղաքական գործիչների վարքագծի մասին: Բանն այն է, որ մեր հասարակությունը հաճախ հետևում է նրանց, ովքեր մարդկանց կարծիքով, հասել են որոշակի հաջողության: Մարդիկ փորձում են այդ հաջողության հասածների վարքագիծը կրկնել: Այդպիսի մոտեցում կա նաև քրեական ենթամշակույթի մասով: Այսօր կարծես թե քաղաքական կարիերան է առավել գրավիչ մարդկանց համար»,-ասաց Նավասարդյանը:

«Մյուս կողմից հետաքրքիր է, որ ատելության խոսքի մասով հիմնական դժգոհությունն արտահայտում են հենց քաղաքական գործիչները: Նրանք բողոքում են մյուս ճամբարից՝ մոռանալով, որ իրենք էլ են այդ լեզուն օգտագործում: Եթե այդ լեզուն փոխվի, առաջխաղացում կլինի: Սակայն դա արագ չի ստացվի»,-հավելեց Նավասարդյանը:

Բանախոսն առանձին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին մասին՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին. «Ես չեմ ասի՝ դա ատելության խոսք է, թե՝ ոչ, սակայն միանշանակ է, որ այն նպաստում է մթնոլորտի շիկացմանը: Երբ վարչապետի արտահայտություններից օրինակ է բերվում, խառնում են այն, ինչ կարող է պրակտիկ իմաստ ունենալ: Երբ խոսքն ասֆլատին փռելու մասին է, ես պատկերացնում եմ՝ եթե որևէ մեքենայի վարորդ չի հետևում ոստիկանի պահանջներին, ոստիկանը կարող է նրան պառկեցնել ասֆալտին: Բայց երբ մենք չենք տեսնում, թե ում նկատմամբ է դա արվում, դա դառնում է բոլորին վերաբերող արտահայտություն: Պատերին ծեփելն էլ կարող է լինել օպերատիվ գործողության ձևակերպում»:

Նույն շարքից