Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը հանրաքվեի վրա 3,5 միլիարդ ծախսելը համարում է ոչ թե ճոխություն, այլ՝ անհրաժեշտություն

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց 3,5 միլիարդ դրամ տրամադրել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեին:

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քննարկում են ունեցել բոլոր գրեթե շահագրգիռ կողմերի հետ, նաև տեղի է ունեցել տեսանկարահանող սարքերի գույքագրում. «Մեծամասամբ դրանք գտնվում էին հենց կառավարության մոտ: Հենց դրանք են տեղադրվելու ընտրական տեղամասերում: Արդյունքում մենք այս մասով ժամկետների առումով կտեղավորվենք՝ չնայած հակառակ պնդումներին: Մարդիկ կկարողանան օն-լայն ռեժիմով հետևել»:

Ինչ վերաբերում է 3,5 միլիարդ դրամ գումարին, Ավինյանը նշեց, որ ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան Հայաստանում նախկինում գործող համակարգը. «Այն գումարները, որոնք վերադարձվում են բյուջե, շատ ավելի մեծ են: Կարծում եմ, որ նմանատիպ ծախսերը չեն կարող համարվել ճոխություն, դրանք անհրաժեշտություն են: Հանրաքվեի, կամարտահայտման և ժողովրդավարական պրոցեսների վրա արվող ծախսերը միանշանակ արդարացված են և չեն կարող համարվել մեծ ծախսեր, կամ՝ ճոխություն»:

 

Նույն շարքից