Հասարակություն 

Արցախում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Արցախի Հանրապետության բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը 2020 թվականի փետրվարի 21-22-ը ներառյալ դադարեցնել հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունը առավել վերահսկելի դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում փետրվարի 22-ի ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15:00-ին:

«Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը ասել է, որ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ին բաց թողնված պարապմունքները կազմակերպվելու են փետրվարի 29-ին՝ շաբաթ օրը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատող ուսումնական հաստատություններում փետրվարի 21-ի և 22-ի բաց թողնված պարապմունքները՝ հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման, չշփվել գրիպով հիվանդ անձանց հետ: Գրիպով հիվանդը շրջապատի մարդկանցից պետք է պահպանի երկու մետր հեռավորություն, չզբաղվի ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործի հակաբիոտիկներ և ժամանակին դիմի բժշկի: Պետք է պահպանել հազալու և փռշտալու կանոնները, խստորեն հետևել հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից