Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել

analitik.am

Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ, հայտնում են այգու լրատվական ծառայությունից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին/ և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել:

Իրականացվել է նաև ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել:

Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Նույն շարքից