Հասարակություն 

Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին. Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը

Հպլայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:

Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում՝ շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝  Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝  209 երեխա:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից