Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Հանրաքվեի «Այո»-ի համար անհրաժեշտ է լռեցնել ազատ խոսքը.Աղասի Ենոքյան

Հանրաքվեն մեր նկուղում.

Երբ փորձում ես մի քիչ լուրջ եւ մի քիչ հեռվից նայել հանրաքվեին, ապա պարզապես չի ստացվում։ Չի ստացվում հասկանալ, թե ինչու ազգովի պետք է որոշենք ՍԴ-ի յոթ դատավորի աշխատանքի հարցը, եւ առավելեւս՝ թե ինչով են նրանք մեզ խանգարում, որպեսզի կերտենք պայծառ ապագան։

Ակնհայտ է, որ մեզնից քչերը գիտեն Սահմանադրական դատարանի գործառույթները եւ մատերի վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր անձնապես են առնչվել այս բարձր դատարանի հետ։ Սակայն հիմա խնդիրը այն չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում լուծել այդ խնդիրը, այլ ինչպես։

Հանճարեղ Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը այն մասին է, որ մի կոմունիստ ղեկավար՝ Մարկոն, մի մեծ համայնքի կտրում է աշխարհից, եւ Երկրորդ Համաշխարհայինից 50 տարի անց էլ նրանց պահում է նկուղում՝ ընդհատակյա պարտիզանական ջոկատի ու զինգործարանի կարգավիճակում, որտեղ նրանք պայքարում են գերմանական ֆաշիստների դեմ։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է Բրեգովիչի երաժշտությունը, որը ֆիլմի քարոզչական առանցքն է կազմում։

Որպեսզի մենք մնանք մեր անդերգրաունդում Նիկոլ Փաշինյանը մեզ պետք է կտրի ճշմարտությունից եւ կերակրի այն լուրերով, որ ընկեր Մարկոն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է նրանց երկրի հակառակ կողմից`իր ֆեյքերի միջոցով։ Դրա համար էլ պատժելի է, երբ ասում եք, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կիլոներով իկրա է ուտում, որ Սուրեն Պապիկյանը դատված է եղել, որ վարչապետի առանձնատան նստարանների վրա դաջված է «Դուխով», իսկ շուտով էլ՝ որ Արմեն Սարգսյանը հայկական առաջին տիեզերանավով տիեզերք է թռել։ Ոչ ոք չի պնդում, թե թե կիլոներով իկրա չեն ուտում, թե Պապիկյանը դատված չի եղել, «ԴուխովԸ» Նիկոլ Փաշինյանի նկարած տեսանյութից է երեւում, իսկ Սարգսյանը ընդամենը Դուբայ է թռել։

Սրանք կեղծ լուրեր չեն, պարզապես սրա մասին խոսելը դառնում է քրեորեն պատժելի, քանի որ այն հակասում է վարչապետի կամքին եւ ֆեյք հեռուստաալիքների տարածած լուրերին։

Ու մենք մնում ենք մեր անդերգրաունդում, տարիներ շարունակ պայքարում ենք նախկինների (գերմանական ֆաշիստների) ու մեզ հետաքրքիր չէ, որ նրանք այլեւս չկան, դաժան, հարստահարող ու հանցագործ նախկինները մի իրականություն է, որը կասկածի տակ չի դրվում, այլ ներկայանում է որպես քո կենսակերպի՝ նրանց դեմ պայքարի իմաստ։ Այո, մենք մեր գյուղով պատրաստ ենք մնալ նկուղում, մենք պատրաստ ենք այնտեղ ընտանիքներ կազմել եւ հասարակություն ստեղծել, որը ծառայում է մեն-միակ նպատակին՝ նախկինների դեմ պայքարին։

Արդեն կարելի է հասկանալ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայքարելու հանրաքվեի «Այո»-ի համար՝ կտրելով անհաճո ինֆորմացիան, մատուցելով կեղծ լուրերը, իրականությունը պատկերելով նրա հետ կապ չունեցող հրամայականներով։ Այս դեպքում անդերգրաունդը կքվեարկի ՍԴ անդամներին աշխատանքից ազատելու օգտին, առանց հասկանալու, որ դա կապ չունի իրենց կյանքի հետ, որ նկուղից դուրս կարող է լինել այլ աշխարհ, որ վաղուց արդեն երկրի հակառակ կողմում արեւ է ծագում, իսկ նորմալ մարդիկ աշխատում են, որ ավելի լավ ապրեն, եւ ոչ թե պայքարում են նախկինների դեմ։

Հանրաքվեի «Այո»-ի համար անհրաժեշտ է լռեցնել ազատ խոսքը։

Աղասի Ենոքյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից