Գլխավոր Հասարակություն 

Մասնագետն առաջարկում է շներին հավաքել, պատվաստումներն անել և ուղարկել սահման

analitik.am

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությունն է տեղադրել, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու խնդրահարույց շներին»։

Վերջին տարիներին շներին ստերջացնում են, սակայն ագրեսիվության և կծելու դեպքերն անընդհատ գրանցվում են: Ինչու են շներն ագրեսիվ և ինչպես լուծել շների և մարդկանց խաղաղ գոյակցության հարցը։

Analitik.am-ի հետ զրույցում Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը հայտնեց, որ ստերջացված շներն ավելի փափուկ են լինում, հատկապես արուները։ Նրանց մոտ ագրեսիվությունը պակասում է. «Ճիշտ է, շները հարձակվում են մարդկանց վրա, կծում են, սակայն դա մարդկանցից էլ է գալիս: Չի բացառվում, որ շներին փոքր ժամանակ փայտով կամ քարով հարվածել են և այժմ մարդ տեսնելուց վախենում են ու հարձակվում. նման խնդիր էլ կա»,-ասաց նա:

«Այնուամենայնիվ, եթե շները կծող են, ոհմակով են ման գալիս, ապա պետք է խմբերը ցրել, իսկ ագրեսիվ շներին հավաքել ու պահել Թափառող կենդանիների վնասազերծման ՊՈԱԿ-ի համապատասխան տարածքում»,-ասաց Մանուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք շների քանակն ավելացել է, մասնագետն ասաց՝ այնքան էլ չէ և բացատրեց, որ հաճախ ստերջացված շների ոհմակի մեջ կարող է չստերջացված էգ լինել և զուգավորման շրջանում այս հանգամանքը ևս խնդիր է առաջացնում. ստերջացված արուն պաշտպանում է էգին այլ արուներից և կարող է ագրեսիվ լինել:

Նա նաև նշեց, որ կան շներ, որոնց տերերը բաց են թողել, իսկ այդ շներին հաճախ սովորեցրել են բակի պահպանության, կծելու։ Բաց թողնելուց հետո կենդանին իր սովորույթները չի մռանում:

Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանում ևս կա այդ խնդիրը, Մանուկյանն ասաց, որ ՌԴ-ում թափառող շներ կան, սակայն չի նկատել, որ մարդիկ քարով ու փայտով շներին հարվածեն, իսկ մեր երկրում դա հաճախ է պատահում։

Մանուկյանը նաև առաջարկություն ունի. շներին հավաքել, պատվաստումներն անել և ուղարկել սահման՝ պահպանության: Ըստ նրա, սահմանին շներ կան, սակայն քիչ են։ Եթե զինվորներին շների հետ աշխատելու հմտություններ սովորեցնեն, այդ կենդանիները կարող են օգտակար լինել սահմանին․ «Շները կդառնան պահակ, կհսկեն հակառակորդի յուրաքանչյուր շարժը և կտեղեկացնեն այդ մասին»,-ասաց Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավարը և հավելեց, որ ցանկացած, անգամ խառնուրդ շունը կարող է սահման հսկել, եթե նրան վարժեցնեն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից