Տնտեսություն 

Վրաստանում ստուգում են հայկական կոնյակի սպիրտը. բեռնատարները սահմանը չեն հատել

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով Վրաստանում կանգնեցրել են Հայաստանից արտահանվող կոնյակի սպիտով բարձած բեռնատարները և վրացական կողմը ստուգում է հայկական կոնյակի սպիրտի որակը:

Նշենք, որ նման դեպք Վրաստանի և Հայաստանի բեռնափոխադրման պատմության մեջ չի եղել, քանի որ Վրաստանը Հայաստանի համար համարվում է տրանզիտ երկիր:

Ի՞նչ է կատարվում Լարսում և ինչո՞ւ են վրացիները ստուգում հայկական կոնյակի սպիրտը. այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանին:

Նա հաստատեց՝ արդեն մեկ շաբաթ է, որ մինչև վրաց-ռուսական սահմանը, վրացիները կանգնեցրել են կոնյակի սպիրտով բարձած բեռնատարները և այժմ մեծ թվով բեռնատարներ կանգնած են Վրաստանի տարբեր հատվածներում:

Հարությունյանը ենթադրում է, թե վրացիները կասկածում են, որ կոնյակի որակյալ սպիրտ չի արտահանվում և նմուշներն ուղարկել են արտասահման ստուգելու:

«Սովորաբար տրանզիտ փոխադրումները չեն ստուգվում»,-շեշտեց նա և հավելեց, որ կոնյակի սպիրտի նմուշներ ստուգելը սովորաբար բարդ գործընթաց է և դժվար է ասել ինչքան կտևի:

Նշենք, որ մինչև արտերկրից ստացվեն հայկական կոնյակի սպիրտի որակի պատասխանները, հայկական մեքենաները կանգնած են մնալու Վրաստանում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից