Հասարակություն 

Համոզված եմ, որ գեներալ-լեյտենանտ Աբրահամյանը շարունակելու է մնալ զինված ուժերում. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՊԲ արդեն նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանի անունը հիմնականում կադրային տեղաշարժերի համատեքստում էր շրջանառվում, սակայն նրա ծառայության, նրա արժանիքների թեմային պատշաճ անդրադարձ այդպես էլ չեղավ:

Մարդ, ով իր պայքարի ճանապարհը սկսեց Արցախի ազգային ազատագրական պայքարով, պատերազմից հետո տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրեց զորամասային օղակում, ապա երկար ժամանակ ծառայությունը շարունակեց մեր հայրենիքի հայաստանյան հատվածում:

Կորպուսի հրամանատար, վարչության պետ, ապա ճակատագրի բերումով վերադարձ Արցախ՝ նշանակում ՊԲ հրամանատարի տեղակալ-շտաբի պետի աշտոնում: 2018-ին, բավականին բարդ ժամանակահատվածում նշանակվեց ՊԲ հրամանատար:

Աբրահամյանը հայ մարդու տեսակ է՝ շիտակ, մարդամոտ, ծնվել է մի ընտանիքում, որը երկրին երկու զինվորական է տվել՝ երկու գեներալ: Կարեն Աբրահամյանի եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարն էր, ներկայումս՝ Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Հենց միայն այն հանգամանքը, որ Կարեն Աբրահամյանը գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է կրում շատ բան է խոսում նրա անցած ճանապարհի, մատուցած ծառայությունների և արժանիքների մասին:

2019 թվականի ընթացքում Արցախի ՊԲ-ի հսկայական ինժիներական-ամրաշինական աշխատանքների, առաջնագծի տեխնիկական վերազինման, կահավորման մասին նախորդ տարի շատերս խոսեցինք:
Նույնը վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման, հիմնանորոգման մասին:

Առաջնագծի մի քանի ուղղություններով հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխման, կենտրոնական ուղղությամբ ադրբեջանական անօդաչու սարքի խոցման մասին թեմաները ևս հանրային քննարկման կիզակետում էին:

Սրանք իրադարձությունների այն ոչ ամբողջական ցանկն է, որոնք կարելի է վերհիշել ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակահատվածից:

Ինձ պատիվ է տրվել ժամանակի, ծառայության, կյանքի բերումով մեծ արժանիքներ ունեցող գեներալների հետ շփվել, ընկերություն անել: Մինչև հիմա մեծ հպարտությամբ եմ հիշում իմ աշխատանքը ՊԲ լեգենդար հրամանատարներից՝ Լևոն Մնացականյանի հետ, այսօր էլ շատ առիթներ եմ ունենում իր հետ շփվելու և իր ահռելի փորձից ինքս իմ համար դասեր քաղելու համար:

Կարեն Աբրահամյանն էլ իր տեսակի մեջ իր հետքն է թողելու ինչպես զինված ուժերում, պաշտպանության բանակում, ծառայակից ընկերների շրջանում, այնպես է մեր ընդհանուր աշխատանքային և մարդկային հարաբերություններում:

Համոզված եմ, որ գեներալ-լեյտենանտ Աբրահամյանը շարունակելու է մնալ զինված ուժերում՝ հետագայում այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու և մեր երկրին օգտակար լինելու մղումով:

Նախագահի այսօրվա հրամանագրերից մեկով էլ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատարի պաշտոնում: Գեներալ Հարությունյանին 2006-2007 թվականնեից եմ հիշում՝ այդ ժամանակ նա արդեն հրետանային գնդի հրամանատար էր, ես՝ ժամկետային զինծառայող: Ասելիք շատ կա, բայց ՊԲ նոր հրամանատարին անդրադառնալու դեռ շատ առիթներ կունենանք: Ջալալ Հարությունյանի անցած մարտական ուղին արդեն իսկ հուշում է, որ ընտրությունը ճիշտ է, նշանակումը՝ սպասված: Պատիվ ունեմ, պարոնայք գեներալներ:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից