Հայաստան Քաղաքականություն 

Արցախի ՊԲ շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Կամո Վարդանյանի անունը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների՝ շաբաթ օրը կայացած համատեղ նիստից հետո, ինչպեսև սպասվում էր, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Երեկ, ինչպես հաղորդել էինք օրեր առաջ, Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատար․ մինչ այդ նա զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը։ Ըստ արցախյան մեր աղբյուրների՝ շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Կամո Վարդանյանի անունը, չի բացառվում, որ այլ անուններ էլ քննարկվեն։ Մեկ ամիս առաջ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի-շտաբի պետի պաշտոնը: Մովսես Հակոբյանի՝ Մոսիի մտերիմն է, անցնում է Մարտի 1-ի գործով ու հետաքրքիր ցուցմունք է տվել, օրինակ՝ հաստատել է, որ Արցախից 2008 թվականի հայտնի իրադարձություններին զորք է բերվել Երևան։

Ասել է, որ 2008 թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել է Երևան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։ «Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց՝ մնալ Երևանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երևան։ Հասկանալի էր, որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարարը, կոնկրետ տեղյակ չեմ»,- ասել է Վարդանյանն իր ցուցմունքում։

Մեզ ասացին նաև, որ ԱԱԽ-ների համատեղ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են բանակում քրեական ենթամշակույթի դեմն առնելու, ինչպես նաև նոր սպառազինություն ձեռք բերելու ու Արցախը Հայաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման հարցեր՝ Հադրութ-Ջաբրայիլ-Խնձորեսկ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից